Զինված ուժեր և անվտանգություն

Խորհրդարանական ուժեր

«Ուժեղ Հայաստան» դաշինք logo «Ուժեղ Հայաստան» դաշինք

  • Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կհասնի ուժեղ խաղաղության՝ բանակցելով ուժեղի դիրքերից, հիմնվելով իր միջազգային կապերի, խոշոր համակարգերի կառավարման բազմամյա փորձի, իր զինվորական ծառայության փորձի, ինչպես նաև տարիների ընթացքում զինվորներին, նրանց ընտանիքներին, վիրավորներին ցուցաբերած աջակցության ու Հայաստանի քաղաքացիների անվտանգության ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման վրա։

  • Մեր անվտանգության ռազմավարությունը հիմնված է մի պարզ և հիմնարար սկզբունքի վրա․ ուժեղ և հաստատուն առաջնորդությունը կանխում է պատերազմը։ Մենք ներկայացնում ենք արդյունավետ կառավարման, խելացի սահմանների և բազմաշերտ պաշտպանական համակարգերի մոդել, որը թույլ կտա կանխել սպառնալիքները դեռ դրանց առաջացման նախնական փուլում։ Մեր նպատակը պարզ է՝ ապահովել անվտանգ և անկախ միջավայր, որտեղ մեր բանակը, դիվանագիտությունը և ռազմական արդյունաբերությունը միասին կաշխատեն ուժեղ խաղաղությունը պահպանելու համար։

  • Ուժեղ բանակ՝  բարձր արհեստավարժությամբ եւ հագեցած նորագույն համակարգերով։
  • 10 000 դրոն և ԱԹՍ, պաշտպանական բյուջեի ավելացում։

  • Պաշտպանական բյուջեն կմեծացվի, որովհետև ազգային անվտանգությունը երբեք չի կարող երկրորդական լինել։

  • Հայաստանը կունենա հազարավոր տեղական արտադրության անօդաչու սարքեր, բազմաշերտ հակադրոնային պաշտպանություն, էլեկտրոնային պատերազմի համակարգեր և իրական ժամանակում աշխատող ռազմական կառավարման ու հետախուզական կենտրոններ։

  • «Ուժեղ խաղաղություն» ծրագրի շրջանակում կձևավորվի Հայաստանի բազմաշերտ ազգային հակաօդային պաշտպանության համակարգ՝ համադրելով ինչպես հարվածային, այնպես էլ ոչ հարվածային պաշտպանական միջոցները։ Կարճ, միջին և հեռահար պաշտպանության համակարգերը գործելու են միասնական՝ ոչնչացնելով սպառնալիքները մինչև Հայաստանի տարածք հասնելը։

  • Հայաստանի սահմանները խոցելի դիրքերից վերածվելու են ամբողջությամբ ամրացված, խելացի պաշտպանական գոտիների՝ հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների վրա։ Մշտական հետախուզական համակարգման կենտրոնները միավորելու են արբանյակային տվյալները, անօդաչու հետախուզությունը և արհեստական բանականության վերլուծությունը՝ բացահայտելով վտանգները դեռ մինչև լարվածության առաջացումը։

  • Կստեղծվի Ազգային կիբերանվտանգության ծառայություն, որը պաշտպանելու է Հայաստանի թվային ենթակառուցվածքները, կապի համակարգերը և ռազմավարական ցանցերը։

  • Զինվորական ծառայությունը պետք է դառնա հնարավորություն, արժանապատվություն և ազգային հպարտություն ձևավորող ճանապարհ։ Յուրաքանչյուր զինվոր կստանա երաշխավորված ծառայության վարձատրություն՝ կապված երկրի նվազագույն աշխատավարձի հետ, որպեսզի ոչ մի հայ զինվոր հայրենիքը պաշտպանելիս չհայտնվի սոցիալական դժվարությունների մեջ

  •  

    Ծառայությունն ավարտելուց հետո զինվորները հնարավորություն կունենան ստանալ պետության կողմից ֆինանսավորվող բարձրագույն կրթություն Հայաստանի բուհերում կամ օգտվել անվճար մասնագիտական և տեխնոլոգիական կրթական ծրագրերից, որոնք կօգնեն կառուցել կայուն ապագա։

  • Մեր վետերանները կունենան երկարաժամկետ բժշկական և հոգեբանական աջակցություն, արտոնյալ բնակարանային ծրագրեր և աշխատանքի առաջնահերթ հնարավորություններ պետական ծառայության տարբեր ոլորտներում։ Հայրենիքին ծառայելը պետք է նոր դռներ բացի երիտասարդի առաջ, ոչ թե հետաձգի նրա կյանքը։

  • Հայաստանը պետք է ստեղծի իր ժամանակակից պաշտպանական արդյունաբերությունը՝ կարողանալով երկրում արտադրել անօդաչու սարքեր, էլեկտրոնային համակարգեր, օպտիկական սարքավորումներ, զինամթերք և առաջադեմ ռազմական տեխնոլոգիաներ։ Այն պետությունը, որն ինքն է ստեղծում իր պաշտպանությունը, ինքն է վերահսկում իր ապագան։

  • Սամվել Կարապետյանը Հայաստան կբերի միջազգային գործընկերների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներդրումներ՝ համատեղ արտադրությունների և տեխնոլոգիական փոխանցման ծրագրերի միջոցով։ Սա ոչ միայն կուժեղացնի Հայաստանի ազգային անվտանգությունը, այլև կստեղծի հազարավոր աշխատատեղեր բարձր տեխնոլոգիական ոլորտում։

«Միասնության թևեր» կուսակցություն logo «Միասնության թևեր» կուսակցություն

  • Կստեղծենք բարձր տեխնոլոգիաներով հագեցած պրոֆեսիոնալ բանակ։

  • Կապահովենք ներդրումներ հայրենական ռազմարդյունաբերության մեջ՝ զարգացնելու սեփական սպառազինության համակարգը։

  • Ազատելու ենք Հայաստանի ինքնիշխան տարածքներն ադրբեջանական օկուպացիայից։

     

Ընտրություններ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

  • Միջազգային լեգիտիմությունը Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առաջնային գործիքն է։ Միջազգային հանրությունը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ Խորհրդային Միության Հայկական ԽՍՀ սահմաններով։ 

  • Միջազգային օրենքով լեգիտիմ տարածք և արտաքին հարաբերությունների մեջ լեգիտիմ դիրքորոշումներ ու ակնկալիքներ ունենալն արտաքին անվտանգության ապահովման առաջնային գործիք է։ Այն, չլինելով բացարձակ երաշխիք, այնուամենայնիվ կարևոր հիմնաքար է։

  • Փոխկապվածությունն արտաքին աշխարհի հետ արտաքին անվտանգության ապահովման հաջորդ գործիքն է. այս գործոնը թույլ է տալիս, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի, տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որ նրա անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնան բազմաթիվ այլ, այդ թվում՝ հարևան երկրների համար, և, ընդհակառակը, որի անկայունությունը որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի և միջազգային հանրության կողմից։

  • «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և սրանից բխող TRIPP նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, նման հնարավորություններ են ստեղծում մեր երկրի համար, և մենք հենվում ենք ու հենվելու ենք ռազմավարական այս ընկալման վրա։ 

  • Կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում այլ երկրները Հայաստանի Հանրապետությունն ավելի ու ավելի պակաս պետք է ընկալեն որպես սպառնալիք, և խաղաղության օրակարգին նվիրվածությունն այլ երկրների համար պետք է դառնա Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ և ռազմավարական ընկալում։ 

  • Խաղաղությունն է, ըստ այդմ, անվտանգության ապահովման միակ գործուն և հուսալի երաշխիքը, և Հայաստանի Հանրապետությունը, քաղաքացիները, հանրային–քաղաքական շրջանակները պետք է ամենօրյա խնամք տանեն խաղաղության նկատմամբ՝ այն ուժեղացնելու, առավել ինստիտուցիոնալ, անշրջելի և երաշխավորված դարձնելու համար։   

  • Բանակն արտաքին անվտանգության ապահովման պահեստային գործիքն է՝ այն դեպքերի համար, երբ արտաքին անվտանգության ապահովման վերը թվարկված և դրան կիրառելուն ուղղված դիվանագիտական միջոցները չեն գործել։

  • Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս չպետք է կիրառվի (բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա միջազգային խաղաղապահ առաքելություններում ներգրավվելը) և պետք է ծառայի բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության խնդիրներին։ 

  • Զինծառայության գրավչությունը մեծացնելու համար ՀՀ պայմանագրային զինծառայողների վարձատրության և արհեստավարժության ապահովման, ժամկետային զինծառայության ժամկետների ու կառուցվածքի ոլորտում ահռելի (հանրությանը հայտնի) բարեփոխումներ են իրականացվել։ 

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը շարունակելու են  ՀՀ բանակի բարեփոխումները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգի։ Աստիճանական կերպով կներդրվի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգը (ՀՊԱՀ):

  • Պարենային անվտանգություն – Ճգնաժամային իրավիճակներում Հայաստանի Հանրապետությունը պետք է ի վիճակի լինի ապահովել իրեն անհրաժեշտ պարենը, ուստի ճգնաժամային իրավիճակներում անհրաժեշտ պարենի ցանկը կձևավորվի այնպես, որ հնարավոր լինի արտադրել, պահել, պահեստավորել և պահպանել Հայաստանի Հանրապետությունում՝ առանց արտաքին կախվածությունների։

  • Էներգետիկ անվտանգություն – Վերականգնվող էներգետիկայի զարգացումը Հայաստանի Հանրապետության համար ստեղծել է էներգետիկ անվտանգության մակարդակը բարձրացնելու և ի վերջո էներգետիկ ինքնաբավ երկիր դառնալու բացառիկ հնարավորություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը գնալու են այս ճանապարհով։ 

«Հանրապետություն» կուսակցություն logo «Հանրապետություն» կուսակցություն

  • Գերակա կարգավիճակ՝ ռազմական արդյունաբերությանը, նոր տեխնոլոգիական և ռոբոտաշինության ոլորտներում պետության ուղիղ մասնակցություն։

  • Դուրս գալ ՀԱՊԿ-ից մեկ տարվա ընթացքում։

  • Դուրս գալ ՌԴ-ի հետ ՀՕՊ համակարգից։

  • ԱՆցում պրոֆեսիոնալ բանակի՝ յուրաքանչյուր տարի զորակոչի կրճատում 20%-ով։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն logo «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Մեր առաջնահերթությունն է՝ առաջիկա 3-5 տարում ձևավորել արդիական, պրոֆեսիոնալ և տեխնոլոգիապես զարգացած բանակ, որը կկարողանա ապահովել ՀՀ տարածքի պաշտպանությունը, արտաքին սպառնալիքների կայուն զսպումը, զինված ուժերի օպերատիվ պատրաստվածությունն ու շարժունակությունը։
Այդ ռազմավարական նպատակին հասնելու համար անհրաժեշտ են հետևյալ հիմնական բարեփոխումները. 

  • փուլային անցում պրոֆեսիոնալ (պայմանագրային) բանակի՝ պահեստազորային համակարգի պահպանմամբ,

  • կառավարման համակարգի արդիականացում՝թվային և ցանցային տեխնոլոգիաների հիման վրա, 

  • անձնակազմի պատրաստվածության մակարդակի բարձրացում, 

  • ռազմական կրթության և սպայական կազմի պատրաստման համակարգի բարեփոխում, 

  • ռազմավարական պահեստազորի և մոբիլիզացիոն պատրաստվածության համակարգի զարգացում։

Զուգահեռաբար նախատեսում ենք իրականացնել ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում, երկակի նշանակության (քաղաքացիական և ռազմական) տեխնոլոգիաների արտադրության խթանում, պետական և մասնավոր պաշտպանական մշակումների աջակցություն, առանձին ուղղությունների արտահանման ներուժի զարգացում՝ միջազգային պարտավորություններին համապատասխան։

 

  • Տարածաշրջանային բարդ իրողությունները և ժամանակակից աշխարհի նոր միտումները խորացնում և լրջացնում են ՀՀ ԱԱԾ դերը։ Ծառայությունը պարտավոր է դառնալ պետության հենասյուներից մեկը, որի աշխատանքը պետք է կառուցված լինի պրոֆեսիոնալիզմի և բացառապես պետության շահը հետապնդելու սկզբունքի վրա։

  • Համակարգի բացարձակ ապաքաղաքականացում. ԱԱԾ-ն ծառայում է բացառապես պետությանը, այն չի կարող ծառայել որևէ կուսակցության, քաղաքական ուժի կամ անհատի։

  • ԱԱԾ սպաներն ու ենթասպաները, աշխատակիցները պետք է վայելեն բացառիկ հանրային հեղինակություն։ Հանրությունը պետք է զգա, որ այս ծառայությունն աշխատում է քաղաքացու կյանքի և երկրի ընդհանուր անվտանգությունն ապահովելու համար։

  • ԱԱԾ ներուժի էական բարձրացում։
  • Վերականգնել ԱԱԾ հետախուզական ծառայությունը։

  • Վերականգնել ԱԱԾ քննչական ծառայությունը։

  • Ընդլայնել ԱԱԾ կրթական կենտրոնի ներուժը և ուղղվածության ոլորտները. սա դարբնոց է, որտեղ կադրերը պետք է ստանան մասնագիտական կրթություն և/կամ վերաորակավորում։

«Հայաստան» դաշինք logo «Հայաստան» դաշինք

  • Արդիականացնել երկրի անվտանգային համակարգը՝ ժամանակակից և համագործակցային պաշտպանական քաղաքականության կիրառմամբ, զարգացնելով ուժային և ոչ ուժային ռազմավարական զսպման կարողությունները։

  • Իրականացնել պաշտպանական ռազմավարական վերանայում։ Ներկա անվտանգային միջավայրին համահունչ՝ մշակել ազգային անվտանգության ռազմավարություն, ռազմական դոկտրին և ԶՈՒ զարգացման հայեցակարգ։

  • Առկա անվտանգային մարտահրավերներին համապատասխանող, օպերատիվ վերակազմավորվող և արագ համալրվող ԶՈՒ, որն իր գործողություններում կհենվի հեռահար ճշգրիտ հարվածների, հետախուզական ու հարվածային անօդաչու համակարգերի և հատուկ նշանակության զորքերի համակղված ու զանգվածային կիրառման վրա։

  • Գործող շարժունակ (մոբիլ) մոդել, որտեղ թիրախավորման ռիսկերը նվազեցված են, իսկ ստորաբաժանումների կենսունակությունը բարձրացված՝ շնորհիվ մարտավարական ճկուն բաշխման և արագ ընդլայնվող հատուկ նշանակության ուժերի գերակայության։

  • «Խելացի սահման» մոդել՝ ապահովված սահմանագծի ամբողջական ինժեներական կահավորմամբ և տեխնոլոգիական վերահսկողության համակարգերով, որը կերաշխավորի սահմանների պաշտպանության բարձր հուսալիություն։
  • Պետական լայնածավալ աջակցությամբ կստեղծվի ժամանակակից ռազմարդյունաբերություն, որը կապահովի մարտավարական ԱԹՍ-ների ամբողջական տեղական արտադրություն և համատեղ ձեռնարկությունների հիմնում միջազգային գործընկերների հետ:

  • Ծառայության գրավչության ապահովում՝ բարձր աշխատավարձերով, արդար ատեստացիոն համակարգով և կրթական արտոնություններով: Որպես հավելյալ աջակցություն՝ զինծառայողների ծնողների եկամտահարկը կնվազեցվի 10 տոկոսով:

  • Վարժական հավաքների պարտադիր ռոտացիոն համակարգի ներդրում, որը կերաշխավորի պահեստազորի շարունակական վերապատրաստումը և տարածքային պաշտպանության ուժերի արդյունավետ գործակցությունը:

  • Բանակից անօրինական խուսափած անձանց կարգելվի զբաղեցնել բարձր պետական պաշտոններ: Կիրականացվի հայրենիքի պաշտպաններին և նահատակներին արժևորող պետական քաղաքականություն՝ բանակը դարձնելով պետության նոր, վստահելի դեմքը: