Կրթություն և գիտություն

Ընտրություններ

«Հայ Ազգային Կոնգրես» logo «Հայ Ազգային Կոնգրես»

  • Գիտությունը, կրթությունը եւ առողջապահությունը պետք է համընթաց լինեն տեխնոլոգիական առաջընթացի պահանջներին։ Անհրաժեշտ է գիտության եւ կրթության միջեւ ստեղծել ավելի սերտ ինստիտուցիոնալ կապ։ Պետք է խրախուսվի գիտահետազոտական գործունեության եւ դասավանդման համատեղումը` որպես գիտական արդյունքի կիրառելիության եւ կրթության որակի բարձրացման գործիք։
  • Առանցքային նշանակություն ունի գիտության, կրթության եւ առողջապահության տեխնոլոգիական արդիականացումը եւ համապատասխանեցումը ժամանակակից մարտահրավերներին։ Խնդիրը հնարավոր չէ լուծել առանց կրթության համակարգի արմատական փոփոխության, որի գլխավոր նպատակը պետք է դառնա համապատասխան մեծազանգված եւ որակյալ մարդկային կապիտալի ձեւավորումը, ինչպես նաեւ ժամանակակից կրթական ծրագրերի ներդրումը։ Այդ առումով առանցքային նշանակություն է ստանում դասախոսական եւ ուսուցչական մասնագիտական ռեսուրսի շեշտակի զարգացման, իսկ որոշ դեպքերում՝ պարզապես վերստեղծմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը «վերապատրաստողներ` վերապատրաստողների համար» ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հիման վրա։
  •  Գիտության ֆինանսավորումը սահմանել առնվազն ՀՆԱ–ի 1 տոկոսի չափով՝ տարեկան 0.2 % աճի միտումով։ Սահմանել բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ–ի առնվազն 1 տոկոսի չափով, գիտության ֆինանսավորումը սահմանել առնվազն ՀՆԱ–ի 1 տոկոսի չափով՝ տարեկան 0.2 % աճի միտումով, աստիճանաբար հասցնելով 3 տոկոսի, իսկ հանրակրթության, միջին եւ նախնական մասնագիտական կրթության ծախսերը` ՀՆԱ–ի 3 տոկոսի չափով։
  • Կրթության ոլորտում ապահովել ուսումնական հաստատությունն ընտրելու ազատություն՝ աստիճանաբար անցում կատարելով հավաստագրային ֆինանսավորման «գումարը հետեւում է սովորողին» սկզբունքով, պետության կողմից ֆինանսավորել ոչ թե բուժհիմնարկները, այլ քաղաքացիներին։
  •  Ուսուցիչների, դասախոսների, առողջապահական  համակարգի աշխատողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման եւ տեխնոլոգիական առաջընթացի պահանջներին համապատասխանեցման նպատակով իրականացնել մասնագետների լայնածավալ վերապատրաստումների պետական ծրագրեր եւ ներդնել  գործունեության անհատական լիցենզավորման  համակարգ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

  • Շարունակելու ենք բարձրացնել ուսուցիչների մասնագիտական պատրաստվածությունը: Բոլոր ուսուցիչները հնարավորություն կունենան կամավոր ատեստավորում անցնելու միջոցով իրենց աշխատավարձերը բարձրացնել մինչև 50%-ով:
  • Ամբողջությամբ փոխելու և ներդնելու ենք նոր դասագրքեր և ուսումնական նյութեր՝ նոր չափորոշիչների համաձայն։ Հանրակրթության հիմնական նպատակներից է լինելու ուսուցման կազմակերպման տարբեր ձևերի, առարկաների բովանդակության յուրացման, ինչպես նաև ուսուցման գործընթացում դաստիարակության միջոցով կարողունակությունների ձևավորումը:
  • Շարունակելու ենք կառուցել, հիմնանորոգել և վերանորոգել նախակրթարաններ և մանկապարտեզներ։ Մինչև 2026 թվականը ունենալու ենք առնվազն ևս 300 նորակառույց, վերակառուցված, հիմնանորոգված կամ վերանորոգված մանկապարտեզ և նախակրթարան: 
  • Շարունակելու ենք դպրոցների կառուցումը, հիմնանորոգումը և վերազինումը։ Մինչև 2026 թվականը ունենալու ենք կառուցված, հիմնանորոգված և նորոգված առնվազն 300 դպրոց։ Մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծելու ենք ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ։
  • 2021 թվականի սեպտեմբերից հանրապետության ողջ տարածքում հանրակրթության ոլորտում ապահոված կլինենք համընդանուր ներառականությունը, իսկ նախադպրոցական համակարգի համընդհանուր ներառման գործընթացը ավարտին կհասցնենք մինչև 2023 թվականը: Խթանելու ենք նաև ներառման գործընթացը կրթական մյուս մակարդակներում։
  • Ստեղծելու ենք արդյունավետ, բաց, կատարողականի և վերջնարդյունքների վրա հիմնված կառավարման համակարգ կրթության բոլոր մակարդակների համար: 2023 թվականից անցում ենք կատարելու կատարողականի (KPI) և ծրագրային արդյունքների ֆինանսավորմանը:
  • Մինչև 2026 թվականը ամբողջությամբ թվայնացնելու ենք կրթական հաստատությունների կողմից տրամադրվող ծառայությունները՝ կրճատելով վարչարարությունը և կոռուպցիոն ռիսկերը: Դիպլոմների և ատեստատների ստացումը, ընդունելության քննությունները և կրթական գործընթացներ կդառնան թվային:
  • Զարգացնելու ենք էլեկտրոնային ուսուցման գործիքները:
  • Օրենսդրական մեխանիզմներով հնարավորություն ենք տալու քոլեջներին և ուսումնարաններին մասնավոր ընկերությունների հետ համատեղ ստեղծել կառավարման համակարգ/խորհուրդներ և մասնավորի կարիքների հիման վրա պատրաստել համապատասխան կադրեր:
  • Ներդնելու ենք մասնագիտական կրթության ոլորտում պետական պատվերի և վճարովի ուսուցման ճիշտ հարաբերակցության սահմանման, ընդունելության տեղերի բաշխման ամբողջական համակարգ՝ աշխատաշուկայի պահանջներից և նոր մասնագիտությունների հեռանկարներից ելնելով:
  • Տարբեր միջոցառումներով, այդ թվում՝ պետական պատվերի միջոցով մշակելու և ներդնելու ենք տարածաշրջանային լեզուների մասնագիտացում բուհ-երում: Զարգացնելու ենք տարածաշրջանային լեզուների ուսուցումը և դրան զուգահեռ բարձրացնելու ենք մեդիագրագիտության մակարդակը հանրակրթական հաստատություններում:
  • Գիտական կենտրոնները վերազինելու ենք ժամանակակից հետազոտական սարքավորումներով՝ դրանց շուրջ ստեղծելով սարքավորումների համատեղ օգտագործման կենտրոններ:
  • Բազային աշխատավարձերի բարձրացմանը զուգընթաց հաստատելու ենք մասնագիտական գործունեության գնահատման նոր սանդղակ, որը կսահմանի գիտական արդյունքի որակի ավելի բարձր նշաձող, կուրվագծի մասնագիտական աճի ուղին:
  • Ներդնելու ենք նորարարության և գիտատար ձեռնարկատիրության խթանման և աջակցության մեխանիզմներ` էկոնոմիկայի նախարարության կազմում ստեղծելով գիտությունից նոր բիզնես ոլորտների ստեղծման և բիզնեսից դեպի գիտություն պատվերների իջեցմանն աջակցող կառույց, որը կուսումնասիրի գիտության մեջ առկա և առևտրայնացման պոտենցիալ ունեցող մշակումները և կուղեկցի դրանց առևտրայնացման գործընթացը` տրամադրելով խորհրդատվություն և իրավական աջակցություն:
  • Հիմնադրելու ենք ռիսկային նախաձեռնությունների գնահատման և դրանցում ներդրումների ազգային հիմնադրամ` դրան հատկացնելով մինչև 10 մլրդ դրամ դրամագլխային բյուջե:
  • Հավելյալ ֆինանսական միջոցներ ենք տրամադրելու հետևյալ առաջատար ուղղություններին՝ տվյալագիտություն, արհեստական բանականություն, քվանտային տեխնոլոգիաներ, խելացի գյուղատնտեսություն, կենսատեխնոլոգիա, նյութագիտություն: Ներգրավելու ենք բուհական-հետազոտական կենտրոններ, շահագրգիռ խմբեր և կազմակերպություններ:
  • Մինչև 2024 թվականը ներդնելու ենք գիտության ոլորտի կառավարման էլեկտրոնային հարթակ՝ ռեյտինգային համակարգերի ներմուծմամբ, որը հնարավորություն կընձեռի հետազոտողից մինչև կազմակերպություն բոլոր մակարդակներում իրականացնել կատարողականի գնահատում, ունենալ առաջացած խնդիրների վերհանման ու լուծման մեխանիզմներ:
  • Ավելացնելու ենք պաշտպանական և քաղաքացիական նշանակության հետազոտությունների իրականացման համար հատկացվող միջոցների ծավալները և ծրագրերի տևողությունը` ներկայիս 2 տարվա փոխարեն հատկացնելով 3 տարի ժամանակահատված, որի մի մասը կհատկացվի հետազոտությունների արդյունքները արտադրանքի վերածելու աշխատանքներին:
  • Մինչև 2026 թվականը հետևողականորեն բարձրացնելու ենք հասարակական և հումանիտար գիտությունների, այդ թվում՝ հայագիտությանը հատկացվող ֆինանսավորումը ավելի քան 2 անգամ՝ 2․3 մլրդ-ից հասնելով շուրջ 5 մլրդ-ի:
  • Գիտության ոլորտում երիտասարդների ներգրավման նպատակով շարունակելու ենք կազմակերպել ասպիրանտների հետազոտությունների աջակցության մրցույթներ, արտերկրի առաջատար կենտրոններում ասպիրանտների կամ գիտական աստիճան ունեցողների հետդոկտորական հետազոտությունների մրցութային ծրագրեր, ինչպես նաև իրականացնելու ենք առաջատար կենտրոններում աշխատանքային փորձ ունեցող հայազգի գիտնականների վերադարձի կամ իրենց ղեկավարությամբ հեռավար լաբորատորիաների ստեղծման ծրագրեր:
  • Արտերկրի լավագույն գիտական կենտրոններում իրականացնելու ենք գիտաշխատողների վերապատրաստման 6-12 ամիս տևողությամբ ծրագրեր` հատկացնելով շուրջ 2 մլրդ դրամ բյուջե:

«Պատիվ ունեմ» դաշինք logo «Պատիվ ունեմ» դաշինք

  • Կբազմազանեցվեն կրթական ծրագրերը, կրթության կազմակերպման ձևերն ու մեթոդները, կրթություն ստանալու հնարավոր ճանապարհները: 
  • Կապահովվի կրթական ծրագրերի ճկունությունը, դրանք սովորողների, նրանց ընտանիքների, համայնքի և տնտեսության կարիքներին համապատասխանեցնելու հնարավորությունները, կընդլայնվեն դպրոցական պարտադիր բաղադրիչով նախատեսված դասընթացները, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհատական ուսումնական պլանների, մոդուլային ծրագրերի, հոսքային ուսուցման կիրառությունը: 
  •  Միաժամանակ կզարգացվեն կրթության կազմակերպման ձևերը. կընդլայնվեն հեռավար կրթության հնարավորությունները, կներդրվի ոչ ֆորմալ կրթության արդյունքների ճանաչման մեխանիզմ, կապեր կստեղծվեն կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ ձևերի միջև, ինչը հնարավորություն կտա կրթական ցանկալի վերջնարդյունքներին հասնելու համար ընտրել առավել հարմար, սեփական հնարավորություններին համապատասխանող ճանապարհ:Կներդրվեն ուսումնական պարապմունքների կազմակերպման ժամանակակից մեթոդներ՝ հնարավորություն ստեղծելով օգտագործել արտադպրոցական ռեսուրսները՝ մշակութային կենտրոններ և այլն: 
  • Կրթության համակարգի բազմազանեցումը կառնչվի նաև ուսումնական հաստատությունների կազմակերպաիրավական ձևերին: Արդեն իսկ որոշ ուսումնական հաստատություններ վերակազմակերպվել են հիմնադրամների: Կխթանվի ուսումնական հաստատությունների համատեղ հիմնադրման, կառավարման համակարգում սոցիալական գործընկերների մասնակցության հնարավորությունների ընդլայնումը: 
  • Կարիքներին արդյունավետորեն արձագանքելու նպատակով կամրապնդվեն հետադարձ կապի և սոցիալական երկխոսության մեխանիզմները. պարբերաբար կանցկացվեն հասարակական կարծիքի ուսումնասիրություններ, կստեղծվեն հանրային քննարկման հարթակներ, կբարելավվեն որոշումների կայացման մասնակցային մեխանիզմները: 
  • Գործընկերային համագործակցություն. մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության հետ կամրապնդվի գործընկերային համագործակցությունը: Որոշ գործառույթների իրականացումը, կրթաօժանդակ ծառայությունների մատուցումը կփոխանցվի մասնագիտական ոլորտում արհեստավարժ և հասարակության վստահությունը վայելող 35 կազմակերպությունների, պետական աջակցություն կցուցաբերվի կրթության զարգացման գերակայություններին և սկզբունքներին համապատասխանող միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից նախաձեռնված ծրագրերին, որոնք մասնագիտական փորձաքննության արդյունքներով կներառվեն կրթության զարգացման ծրագրերի փաթեթում: 
  • Օրենքով ամրագրել և երաշխավորել պետական բյուջեի միջոցներից գիտության ֆինանսավորման նվազագույն ծավալը,
  • Գիտության բնագավառում իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ, 
  • Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերի մեջ ավելացնել շուկայական պահանջից և պետության զարգացման տեսլականից բխող կիրառական 39 հետազոտությունների մասնաբաժինը,
  • Նոր ռազմավարություն մշակել հասարակագիտական, հատկապես՝ հայագիտական հետազոտություններին պետական աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, 
  •  Իրականացնել գիտության, գիտական կարիերայի հանրայնացման, գիտնականների աշխատանքի լուսաբանման, գիտական կարիերա ընտրելու խրախուսման լայնածավալ ծրագրեր:

ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն logo ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն

  • Նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության զարգացմանը 
  • Նպաստել եւ աջակցել հայոց պետության անվտանգության գլխավոր երաշխիքի ատոմային գիտության զարգացմանը, որը Հայաստանի Հանրապետության տնտեսության անընդհատ զարգացման, էներգետիկ անվտանգության եւ ազգային բանակի անընդհատ հզորացման հիմնասյունն է։
  • Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն հաստատությունների կրթությունը պետական արժեհամակարգի հիմնասյունն է, ուստի Հայաստանի Հանրապետությունում սերունդներ դաստիարակելու և կրթելու աոաքելություն իրականացնելու, ինչպես նաև կրթության որակն ու կրթության արդյունավետությունն անընդհատ բարձրացնելու պատասխանատվությունը բացառապես պետք է կրի Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության։
  • Նպաստել ն աջակցություն ցուցաբերել նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների հայակենտրոն գործունեությանը։ Նպաստել և աջակցել հանրակրթական բոլոր դպրոցների մարզադահլիճների, ռազմագիտության, առաջին բժշկական օգնության դասարանների արդիականացմանը միջազգային չափորոշիչներով հաստատված գործիքակազմերի ներդրմամբ։
  • Առաջիկա հինգ տարիների ընթացքում, նվազազույնը երկու անգամ, բարձրացնել կրթության, գիտության, մշակույթի, արվեստի, գրականության, սպորտի ոլորտներում աշխատող աշխատակիցների աշխատավարձը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն logo «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

  • Կրթության բոլոր մակարդակների համար այնպիսի ազգային հայեցակարգի մշակում՝ դրանից բխող երկարաժամկետ ռազմավարությամբ, որը կունենա տևական շարունակականություն և ժառանգականություն՝ անկախ իշխանության փոփոխություններից, ազգային և համընդհանուր արժեքների վրա հիմնված լինելու և ժամանակակից կրթական միտումներին համահունչ լինելու շնորհիվ:
  • Կրթության բոլոր ոլորտներում նախատեսվող փոփոխությունների և բարեփոխումների իրավական շրջանակների մշակում, 
  • Կրթական բոլոր մակարդակներին համընդհանուր, այդ թվով՝ կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող սովորողների համար հասանելիության ապահովում՝ բոլոր խելամիտ հարմարեցումներով:
  • Կրթության ոլորտի բոլոր հաստատությունների համար հավասար հնարավորությունների և պայմանների ապահովում՝ տարբերակված ֆինանսավորմամբ և համաչափ զարգացման տրամաբանությամբ:
  • Կրթության բովանդակության շարունակական զարգացումն ապահովող մշակումներով կրթության շարունակականության ապահովում յուրաքանչյուր մակարդակին բնորոշ բովանդակության լիարժեք յուրացմամբ:
  • Պետության մասնակցությունը կրթական հաստատությունների կառավարման գործառույթներին նվազեցում՝ երաշխավորելով կրթական և գիտական գործունեության կառավարման, ռեսուրսների տնօրինման ավելի բարձր մակարդակի ինքնուրույնություն:
  • Կրթական հաստատությունների ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցում, ֆինանսավորման արդյունավետ օգտագործման կառուցակարգերի ապահովում։ 
  • Կրթության ոլորտում ներգրավված մարդկային ռեսուրսների շարունակական վերապատրաստում, զարգացման խրախուսում, շրջափուլային գնահատում, տարբերակված վարձատրության կառուցակարգերի ներդրում ըստ որակավորման/գիտա-մեթոդական արդյունքի:
  • Կրթության տարբեր մակարդակների, ինչպես նաև կրթության և տնտեսության միջև երկխոսության, սոցիալական գործընկերության գործուն կառուցակարգերի ներդրում։
  • Ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազայի համապատասխանեցում ժամանակակից պահանջներին, ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիության և ուսումնական գործընթացում կիրառման շարունակական խթանում, համապատասխան ենթակառուցվածքների ապահովում, ուսումնական նյութերի շարունականական թվայնացում: 
  • Տնտեսության և կրթության/գիտության միջև սերտ փոխգործակցության ապահովում՝ հարկային արտոնություններ տրամադրելով բուհերի հետազոտական-նորարական նախաձեռնություններում ներդրում կատարող ձեռնարկություններին:
  • Շրջափուլային մշտադիտարկման և որակի գնահատման կառուցակարգերի ներմուծում կրթական բոլոր մակարդակներում: 
  • Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության փոխլրացականության և նախկին որակավորումների/գիտելիքի/հմտության ճանաչման ապահովում։
  • Կրթության բոլոր մակարդակներում նյութական և մարդկային ռեսուրսների համօգտագործման մեխանիզմների ներդրում՝ միտված կրթության ոլորտում ծախսարդյունավետության բարձրացմանը։

Հանրապետություն կուսակցություն logo Հանրապետություն կուսակցություն

  • Հանրակրթական ուսուցողական ծրագրերը  մշակել ազգային գիտակցության, անալիտիկ մտածողության, ռազմական նախնական  պատրաստվածության հենասյուներով: Հանրակրթական ծրագրերը կվերանայվեն և  հատուկ ուշադրություն կդարձվեն բնական գիտություններին և նման ուղղվածության  կրթօջախների ստեղծմանը:
  • Հանրակրթական հաստատություններում կրթության որակի բարելավում՝ դասագրքերի որակի բարձրացմամբ, կրթության ազգային  չափորոշիչներին համապատասխանեցմամբ, դասարաններում աշակերտների թվի  կրճատմամբ և ուսուցիչների թվի ավելացմամբ։
  • Ապահովել լրացուցիչ մեխանիզմներ բուհերի  անկախությունը ապահովելու համար:
  • Դպրոցներում պետք է գործեն կառավարման  խորհուրդներ, որոնք կմեծացնեն դպրոց-ծնող կապը: 
  • Համալսարանական ծրագրերը պետք է համապատասխանեն աշխատաշուկայի  պահանջներին՝ փոփոխելով իրենց ուղենիշը տեսությունից դեպի հմտություններ: Պետք է  ներդնել վարձատրվող աշխատանքային պրակտիկայի ինստիտուտը, որը կապահովի ոչ  միայն ուսանողների մասնագիտական պատրաստվածության աճ, այլև կօգնի մշտապես  պահել նորարարական մթնոլորտ ընկերություններում՝ ապահովելով նաև ուսանողների  ճկուն գրաֆիկ դասընթացներին հաճախելու համար:

«Հայոց Հայրենիք» կուսակցություն logo «Հայոց Հայրենիք» կուսակցություն

  • Երկրում կիրառել միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթության Եվրոպական համակարգը՝ այն է ուսանողի հետ կնքել համագործակցության պայմանագիր, ըստ որի ՀՀ-ն հանձին կրթությանգիտության նախարարության, ուսանողին կտրամադրի անտոկոս վարկ ուսման վարձի և կրթաթոշակի համար, (կրթաթոշակ ոչ պակաս քան նվազագույն աշխատավարձի 100.000 ապատիկի չափով) : Դրա փոխարեն ուսանողը պարտավոր է մասնագիտական կրթություն ստանալով աշխատանքի անցնելու պարագայում 30 տարվա ընթացքում վճարել ստացած ողջ գումարը:Անհրաժեշտ է նշել,որ մասնագետը պարտավորվում է աշխատել ՀՀ-ում, կամ արտերկրում համաձայնեցնելով ՀՀ լիազոր մարմնի հետ (տվյալ պարագայում կրթության-գիտության նախարարություն):
  • Մշակել ազգային կրթության պետական հայոցակարգ, որի հիմքում պետք է դրվի հայ ժողովրդի ազգային անվտանգության գաղափարի շուրջ:
  • Հրաժարվել ավագ դպրոցի հոսքային ուսուցումից: Հոսքային ուսուցման իրականացնող բոլոր ավագ դպրոցները պետք է վերածվեն ընդհանուր միջնակարգ դպրոցների:
  • Հրաժարվել ուսուցիչների ընտրության գործող կարգից: Ուսուցիչների ընտրությունը կատարել ոչ թե գրավոր աշխատանքի արդյունքով, այլ փաստաթղթային տարբերակով, այսինքն փաստաթղթերի հիման վրա՝ առաջնությունը տալով կրթական ցենզին և փորձառությանը:
  • Ընդունել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասին օրենք, ըստ որի ՀՀ-ը երաշխավորում է ուսանողի կրթության վճարի անտոկոս վարկավորումը:Սույն օրենքով կսահմանվի ուսանողի կրթաթոշակի և կենցաղային ծախսերի ապահովումը:Օրենքի նախագիծը պատրաստ է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն logo «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

 

  • Պետության խնդիրն է ապահովել երիտասարդ սերնդի՝ ժամանակակից և որակյալ կրթություն ստանալու,  մրցունակ մասնագետ դառնալու և բարձր վարձատրվող աշխատանք ունենալու իրավունքը:  
  • Անհրաժեշտ է տարեցտարի ավելացնել գիտության ֆինանսավորումը՝ առաջիկա 3 տարում այն հասցնելով ՀՆԱ-ի 1.5%-ի: 
  • Բարձր տեխնոլոգիական գիտական արդյունքներ ապահովող գիտահետազոտական ծրագրերը պետք է իրականացվեն առաջանցիկ ֆինանսավորմամբ: Մեր հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է ձևավորվեն նաև բարձրակարգ գիտական և հետազոտական կենտրոններ: 
  • Մեկ տարվա ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերն ապահովել մարզադպրոցներով, որոնք հարմարեցված կլինեն նաև հատուկ կարիքներ ունեցող անձանց համար: 

«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo «Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն

  • Երաշխավորել կրթական համակարգի ներառականությունը, բոլորի համար հավասար հնարավորությունները։ 
  • Ապահովել ուսուցչի աշխատավարձի մակարդակը ոչ պակաս, քան հանրապետությունում միջին աշխատավարձն է։
  • Ստեղծել նոր մեթոդական գործիքակազմով հարուստ դպրոց՝ հաշվի առնելով ժամանակակից կրթական մոտեցումները։
  • Կրթական համակարգն ապահովել առաջատար հիմնարար հայալեզու գրականությամբ։
  • Երաշխավորել մասնագիտական կազմի շարունակական զարգացումը՝ ուժեղացնելով առկա մանկավարժական համալսարանների մասնագիտական կազմը և մեթոդաբանությունը, ինչպես նաև վերականգնել վերապատրաստման ինտիտուտը։
  • Ուսումնական հաստատության բյուջեն և ծախսերը կառավարել  բաց և թափանցիկ սկզբունքներով,
  • Հանրակրթական ծրագրեր ստեղծելիս՝ առաջնորդվել նոր գիտական մեթոդներով, երեխայի ստեղծարար միտքը զարգացնելիս՝ հաշվի առնել նաև ուսուցիչների-ծնողների-աշակերտների պահանջները։ 
  • Ստեղծել ուսումնական այլընտրանքային նյութեր, ինչպես թղթային այնպես էլ թվային ֆորմատով։
  • Բացառել հոգեբանական և ֆիզիակական բռնությունը, հալածանքը ( բուլինգ) դպրոցներում։

«Վերելք» կուսակցություն logo «Վերելք» կուսակցություն

  • Կրթության բնագավառում քաղաքականությունը պետք է որոշվի բոլոր մարդկանց իրավահավասարության սկզբունքով, դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնվի նրանց հակումների և ընդունակությունների տարբերությունը։
  • Պետք է խուսափել ուսումնական գործընթացի շինծու ակադեմիականացումից և կոնկրետ առարկաների ծավալի չարդարացված ուռճացումից։
  • Որակյալ և պատասխանատու մանկավարժների պատրաստումը միշտ պետք է պետության հիմնական առաջնահերթություններից առաջնայինը լինի։

«Հայաստան» դաշինք logo «Հայաստան» դաշինք

  • Վերանայելու ենք կրթության կառավարման եւ վերահսկման ողջ շղթան, հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչները, որդեգրելու ենք Հայաստանի զարգացմանն ուղղված  կրթական մոդել։ 
  • Որակյալ կրթություն ենք ապահովելու երկրի ողջ տարածքում, բացառելու ենք լեռնային, բարձրլեռնային եւ սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացումը: Նախադպրոցական կրթության հասանելիությունը հասցնելու ենք90-95 տոկոսի։ 
  • Գյուղական համայնքներում ուսուցիչների պակասը լրացնելու եւ դպրոցական կրթության որակի բարձրացման համար կներդրվի այդ համայնքներում աշխատող ապագա ուսուցիչների սոցիալական երաշխիքների համակարգ: 
  • Մշակվելու եւ ներդնելու ենք հաջորդ սերնդի դպրոցական դասագրքերի եւ ուսումնամեթոդական նյութերի, այդ թվում՝ թվային, տեխնիկական եւ բովանդակային նոր չափորոշիչները, որոնք կապահովեն դասագրքերի կառուցվածքի եւ բովանդակության համապատասխանությունը աշակերտների տարիքին եւ գիտելիքներին: 
  • Մոտ ապագայում կապակենտրոնացվի եւ կթվայնացվի դպրոցների ավարտական քննությունների եւ ԲՈՒՀ-երի միասնական ընդունելության քննությունների անցկացման համակարգը։ 
  • Վերանայելու ենք ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդների ձեւավորման կարգերն ու չափանիշները։ 
  • Մինչեւ 50 տոկոսով կավելացվեն բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա եւ հայագիտական ուղղություններով մասնագիտացումների ֆինանսավորումը մեկ ուսանողի մասով: Ընդհանուր առմամբ՝ հիմնովին վերանայվելու են ուսանողներին տրամադրվող ֆինանսական աջակցության բոլոր տեսակները՝ այդ աջակցության հասցեականությունը բարելավելու նպատակով։ 
  • Արտոնություններ կսահմանվեն բարձր որակավորմամբ արտերկրյա մասնագետներին՝ ՀՀ գրանցում ունեցող գիտատեխնիկական կազմակերպություններում աշխատանքի վերցնելու դեպքերում։ Կձեւավորվի անձեռնմխելի կապիտալով պետական հիմնադրամ, որը կֆինանսավորի գիտական առաջնահերթությունների ուղղությամբ արտերկրյա առաջատար մասնագետների ՀՀ գիտական եւ բուհական համակարգերում մասնակի եւ ամբողջական ներգրավվածությամբ դասավանադումը եւ  գիտական գործունեությունը։ 
  • Որդեգրելու ենք գիտության կառավարման եւ ֆինանսավորման արդյունավետ մոդել: Սահմանելու ենք գիտության գերակա ուղղությունները՝ դրանք ծառայեցնելով երկրի անվտանգային եւ մրցակցային խնդիրներին, ռազմարդյունաբերական ոլորտին։

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ logo Ազգային - Ժողովրդավարական Բևեռ

 

  • Կրթության համակարգը համապատասխանեցնել Հարավ-Հյուսիս միջանցքի հանգուցային մաս կազմելու հեռանկարին և 4-րդ արդյունաբերական հեղափոխության չափանիշներին։