Ինովացիաներ և տեղեկատվական տեխնոլոգիաներ

Ընտրություններ

«Հայ Ազգային Կոնգրես» logo «Հայ Ազգային Կոնգրես»

  • Սկսել իրականացնել Բարձր տեխնոլոգիաների բնագավառում ճեղքումային տեխնոլոգիական լուծումների վրա աշխատող ձեռնարկությունների գիտահետազոտական եւ զարգացման (R&D) աշխատանքների պետական ֆինանսավորում, 2021-2022 թվականներին հատկացնելով այդ նպատակների համար 50 մլրդ դրամ, աստիճանաբար հասցնելով ֆինանսավորման ծավալը տարեկան ՀՆԱ-ի 1 տոկոսի։ Այդ միջոցների օգտագործման ուղղությունները որոշելու նպատակով, ստեղծել կառավարությանը կից միջգերատեսչական Բարձրագույն տեխնոլոգիական խորհուրդ՝ ԲՏԱՆ, ԿԳՄԵՍ, ԷՆ եւ ՊՆ նախարարությունների մասնակցությամբ:
  •   Ստեղծել պետություն-մասնավոր գործընկերություն (PPP)՝ օրենքի հիման վրա գործող պետական բաժնեմասով տեղեկատվական եւ այլ բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող ձեռնարկություններ, որոնք կկենտրոնանան արհեստական ինտելեկտի, նանոտեխնոլոգիայի եւ ռազմավարական նշանակություն ունեցող այլ տեխնոլոգիաների զարգացման եւ կիրառման վրա, մասնավորապես ռազմարդյունաբերական նպատակներով։
  •  Հիմնել Հայաստանում լիթիումային գերմարտկոցների խոշորածավալ արտադրություն եւ սկսել էներգետիկ համակարգի աստիճանական անցումը դեպի էներգիայի արտադրության նորագույն «բաշխված» տեխնոլոգիաները։ Արեւային եւ քամու էներգիայի, ինչպես նաեւ գերմարտկոցների օգտագործմամբ, ընդհանուր էլեկտրացանցին զուգահեռ աշխատող անկախ այդ համակարգի ստեղծումը թույլ կտա էապես բարձրացնել Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգությունը։
  •  Բացել Հայաստանը ֆինանսական եւ տվյալների կառավարման նորագույն տեխնոլոգիաների համար, ինչպիսիք են բլոքչեյնը եւ գաղտնարժույթները (կրիպտովալյուտաները): Այս նպատակով վերացնել Կենտրոնական Բանկի կողմից արհեստական ու ապօրինի ճնշումները եւ արգելանքները, որոնք կիրառվում են հայաստանյան բանկերի նկատմամբ` կրիպտոբորսաների հաշիվների սպասարկման գործում, օրենքով կարգավորել գաղտնարժույթների հետ կապված թվային տնտեսությունը։ Օրենսդրորեն հնարավորություն ստեղծել ստարտափների համար` կազմակերպելու ներդրումային ֆինանսների ներգրավումն այնպիսի ժամանակակից միջոցներով, ինչպիսիք են «հանրային ֆինանսավորումը» (crowdfunding), «սկզբնական դրամական առաջարկը» (Initial Coin Offering), «արժեթղթային ժետոնի առաջարկը» (Security Token Offering), «սկզբնական բորսայական առաջարկը» (Initial Exchange Offering)` այնպիսի կարգավորմամբ, որը կբացառի խարդախության հնարավորությունները։ Հայաստանի ներդրումային մթնոլորտը եւ կապիտալի շուկան ներդրողների համար վստահելի ու թափանցիկ դարձնելու նպատակով, սկսել աշխատանքները բլոքչեյն տեխնոլոգիայի կիրառման համար այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են կադաստրի պետական կոմիտեն, կենտրոնական դեպոզիտարիան, պետական ռեգիստրը, դատարանները։ Անմիջապես միջոցներ ձեռնարկել Հայաստանի եւ Արցախի հեռուստահաղորդակցական համակարգում 5G օպերատոր ներգրավելու համար, նախապատրաստելով անհրաժեշտ հաճախականությունների հատկացման եւ լիցենզավորման գործընթացն ու ընթացակարգերը։
  •  Էապես խորացնել էլեկտրոնային կառավարումը (e-governance), դիմաճանաչողության տեխնոլոգիայի հիման վրա ստեղծել տվյալների ընդհանուր շտեմարաններ, էապես բարձրացնելով կառավարման արդյունավետությունը եւ համակարգումը, միաժամանակ կրճատելով բյուրոկրատիզմը։
  • Խստացնել մտավոր սեփականության պաշտպանության օրենսդրությունը ու իրավակիրառումը, կտրուկ բարձրացնել էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության ֆինանսավորումը, նպատակ ունենալով այն վերակառուցել, ընդգրկելով բարձրորակ մասնագետների մեծ անձնակազմ, որը նոր մակարդակի վրա կբարձրացնի հայաստանցի, այնպես էլ այլ երկրների նորարարների արտոնագրերի (պատենտների) պաշտպանությունը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, անհրաժեշտ տեխնիկական եւ խորհրդտվական օգնություն կտրամադրի «բացարձակ նորարության» միջազգային ստանդարտն ապահովելու համար:
  • Ազատականացնել արտաքին տնտեսական գործունեությունը և ՏՏ ոլորտների սպառողական հարաբերությունները, թեթևացնելով արժութային կարգավորման սահմանափակումները։ Օրենսդրորեն թույլ տալ, որ էլեկտրոնային առևտրում արտերկրից ընդունվող վճարումները կատարվեն արտարժույթներով` էապես կրճատելով դրամի փոխարկելիության կոմիսիոն գանձումները։
  • ՏՏ բնագավառում ռազմարդյունաբերության, էլեկտրոնային կառավարության, էլեկտրոնային արդարադատության զարգացման նպատակով տրամադրվող պետպատվերների համար կազմակերպվող մրցույթներում բացառել հայաստանյան ՏՏ ընկերությունների համար ի սկզբանե աննպաստ, միաժամանակ արտասահմանյան ընկերություններին մրցակցային առավելություններ տվող չափանիշների կիրառումը։        Օրենսդրորեն նպաստել ՏՏ ոլորտի տարբեր մասնագիտացված բիզնեսային խմբերի շահերը պաշտպանող ասոցիացիաների ստեղծմանը եւ այդ կազմակերպությունների հետ պետական կառավարման մարմինների արդյունավետ եւ կանոնավոր խորհրդակցական կապի հաստատմանը։
  • Նախկինում էլեկտրոնիկայի արտադրության գործարանների լքված շենքերում իրականացնել միկրո ՏՏ-պարկերի ստեղծման ծրագիր` խթանելով էլեկտրոնային արդյունաբերության զարգացումը մարզերում։
  • Տուրիզմի զարգացման ծրագրերում շեշտադրում կատարել այնպիսի հյուրանոցների, բիզնես հանդիպավայրերի եւ սպասարկման ենթակառուցվածքի զարգացման վրա, որը թույլ կտա Հայաստանը դարձնել ՏՏ եւ բարձր այլ տեխնոլոգիական համաշխարհային համայնքի համար քննարկումների, կոնֆերանսների եւ հանդիպումների համար նշանակետ հավաքատեղի։
  • Ակտիվ մասնակցությամբ միջազգային կոնֆերանսներին եւ ցուցահանդեսներին եւ հայաստանայան ընկերություններին աջակցությամբ նպաստել Հայաստանի բրենդինգին՝ որպես առաջատար տեխնոլոգիական տերության։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

  • Բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026 թվականը նախատեսում ենք ունենալ շուրջ 35,000 զբաղվածներ և ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը կկազմի ՀՆԱ-ի 6-7%-ը։ 2020 թվականի տվյալներով այս ցուցանիշը 3․2% է։
  • Պետություն-մասնավոր համագործակցությամբ ստեղծելու ենք նոր «Արտադրական քաղաք»՝ «ինժեներական քաղաք»-ի օրինակով, որը նախատեսված է բարձր տեխնոլոգիական սարքերի և համակարգերի մասսայական արտադրության համար։
  • Գյումրու և Վանաձորի տեխնոպարկերի օրինակներով շարունակելու ենք մարզերում նոր տեխնոպարկերի կառուցումը։ Առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսում ենք կառուցել տեխնոպարկեր Կապանում, Գորիսում, Մարտունիում, Արմավիրում։
  • Շարունակելու ենք տարեկան շուրջ 500 մլն դրամ հատկացնել «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի իրագործմանը՝ ամեն տարի առնվազն 5000 նոր մասնագետների պատրաստման համար:
  • Շարունակելու ենք տարեկան շուրջ 500 մլն դրամ հատկացնել «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի իրագործմանը՝ ամեն տարի առնվազն 5000 նոր մասնագետների պատրաստման համար:
  • Շարունակելու ենք տարեկան շուրջ 500 մլն դրամ հատկացնել միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների միասնական տաղավարով մասնակցությանը:
  • Շարունակելու ենք տարեկան 1 մլրդ դրամ հատկացնել «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի իրականացմանը և խթանել նորաստեղծ ընկերությունների քանակական և որակական աճը:
  • Շարունակելու ենք տարեկան 1 մլրդ դրամ հատկացնել ձեռներեցության զարգացման և արտասահմանում մասնագետների վերապատրաստման ծրագրերին։
  • Ռազմարդյունաբերության ոլորտում շարունակելու ենք արտադրական, նորոգման գործարանների արդիականացումը։ Պետություն-մասնավոր հատվածի, ինչպես նաև միջազգային համագործակցության արդյունքում նախատեսում ենք ներքին սպառման սպառազինության արտադրության ամբողջական ցիկլի ներդրում: Հեռահար ԱԹՍ-ների, ՌԱԴԱՐ-ների, ՌԷՊ համակարգերի, կապի համակարգերի, լազերային տեխնոլոգիաների, հրթիռային համակարգերի և այլ ստրատեգիական ուղղություններով շարունակելու ենք ծրագրերի լայնամասշտաբ ֆինանսավորումը։
  • Ավարտին ենք հասցնելու տիեզերական ոլորտի զարգացման ռազմավարությունը, զուգահեռաբար մշակում ենք արհեստական արբանյակների գործարկման տարբեր ծրագրեր։
  • «Հայփոստի» գրասենյակներում հասանելի են լինելու հարյուրավոր պետական ծառայություներ՝ քաղաքացիների համար սպասարկման բարձրակարգ հնարավորություններով։
  • Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերի 80%-ը ապահոված կլինի լայնաշերտ ու բարձրորակ ինտերնետ կապով և պետական թվային ծառայությունների հասանելիությամբ:
  • Մինչև 2023 թվականը ստեղծելու ենք Ազգային կիբերանվտանգության գերազանցության կենտրոնը:
  • Մինչև 2024 թվականը մշակելու և ավարտին ենք հասցնելու պետական կայքերի և էլեկտրոնային համակարգերի միասնական չափանիշներն ու ճարտարապետությունը, որոնք ամբողջությամբ հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:
  • Թվայնացնելու ենք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող շուրջ 300 ծառայություններ, մասնավորապես շուրջ 150 լիցենզիաներ և թույլտվություններ հնարավոր կլինի ստանալ առցանց, այդ թվում նաև շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը կլինի առցանց: Պետական բոլոր կայքերից և էլեկտրոնային համակարգերից հնարավոր կլինի օգտվել նաև էլեկտրոնային ստորագրությամբ:
  • Թվայնացմանը զուգընթաց քաղաքացին փաստաթուղթը պետական հաստատություններին տրամադրելու է միայն մեկ անգամ: Իրավական կարգավորումների միջոցով բացառելու ենք քաղաքացուց փաստաթղթեր և տեղեկություններ պահանջելու լրացուցիչ դեպքերը, եթե նման փաստաթղթերն արդեն իսկ առկա են որևէ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում:
  • Մինչև 2025 թվականը արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին բազմաթիվ ծառայություններ, օրինակ՝ անձնագրի փոխում, վավերականության ժամկետի երկարաձգում, տեղեկանքների տրամադրում և մի շարք այլ ծառայություններ, կմատուցվեն առցանց:
  • Մինչև 2025 թվականը ապահովելու ենք, որ իրավաբանական անձանց հետ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հաղորդակցվեն բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ քաղաքացիները՝ գերազանցապես էլեկտրոնային եղանակով։
  • Հանրությանը թվային տնտեսության զարգացումներին հնարավորինս արագ ինտեգրելու նպատակով հասարակության տարբեր խմբերի համար կիրականացվեն թվային կարողությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրեր:

«Պատիվ ունեմ» դաշինք logo «Պատիվ ունեմ» դաշինք

  • Մրցունակ տնտեսության հասնելու համար մեր առաջնային գերակայությունները եղել և մնում են արտահանման խթանումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ աշխատանքի արդյունավետության բարձրացումը, փոքր և միջին ձեռնարկատիրության խրախուսումը: 
  • Պետք է ստեղծել հարթակներ և անհրաժեշտ գործիքակազմ «գաղափար-փոքր բիզնես-կայացած միջին կամ խոշոր ձեռնարկություն» բանաձևի անխոչընդոտ իրագործման համար: Բիզնեսը պետք է չկաշկանդվի կատարելու ծախսեր ինովացիաների և նորագույն տեխնոլոգիաների վրա՝ ստանալով դրանց համար պետական օժանդակություն:

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն logo «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

  • ՏՀՏ և կապի բնագավառում անհրաժեշտ ենք համարում ենթակառուցվածքների բարելավումն ու զարգացումը, որակյալ փոստային կապի ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովումը: 
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարևորում ենք հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, սկսնակ բիզնեսների, ստարտափների, նորարական գաղափարների, գիտական, գիտատեխնիկական և նորարարական գործունեության խթանումը, հատկապես՝ ՀՀ մարզերում դրանց խթանումը, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության, կիբեռանվտանգության և անհատական տվյալների պաշպանության բարձրացման ապահովումը, որակյալ կադրերի պատրաստումը և մասնագիտական կարողությունների զարգացումը, ՏՀՏ զարգացման ռազմավարության մշակումն ու իրականացումը, հայկական բրենդի ձևավորումը, մրցունակության բարձրացումը, 
  • ՀՀ մարզային համայնքներում հագեցած նոր տեխնոլոգիական կենտրոնների ստեղծումը, գիտության և մասնավոր հատվածի միջև համագործակցության խթանումը, աշխարհում հայտնի տեխնոլոգիաների յուրացման համար ինստիտուցիոնալ և գիտական կարողությունների ստեղծումը և շարունակաբար զարգացումը, գիտական արդյունքների առևտրայնացման խթանումը։
  • Տեղական մրցունակ ՏՏ արտադրանքի օգտագործումը, ՏՀՏ ծառայությունների մատուցման որակի, արագագործության, հասանելիության բարձրացումը, բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ռազմարդյունաբերության զարգացումը:

Հանրապետություն կուսակցություն logo Հանրապետություն կուսակցություն

  • Թվայնացնել և  զարգացնել վիրտուալ գրադարանները:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն logo «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

  • Բարձր տեխնոլոգիական գիտական արդյունքներ ապահովող գիտահետազոտական ծրագրերը պետք է իրականացվեն առաջանցիկ ֆինանսավորմամբ: Մեր հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է ձևավորվեն նաև բարձրակարգ գիտական և հետազոտական կենտրոններ:

«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo «Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն

  • Հանրակրթության բնագավառում խթանել առաջատար տեխնոլոգիական ուսումնառությունը՝ զարգացնելով առկա ծրագրերը, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում բովանդակային և կառավարչական փոփոխություններ կատարելով ոլորտն ապահովել բարձր որակավորում ունեցող աշխատուժի անհրաժեշտ քանակով։
  • Երկիրը դիրքավորել որպես առաջատար տեխնոլոգիաների մատակարար և հետևողականորեն աշխատել նոր շուկաների ձեռքբերման, տեղական արտադրանքի գովազդման, իրացման և պաշտպանության ուղղությամբ։
  • Ռազմարդյունաբերության ոլորտի նպատակների սահմանումից հասնել մինչև արտադրանքի սպառման շուկայի ձևավորում և արտադրողի պաշտպանություն։ 
  • Կրկնակի նշանակության արտադրանքի հետազոտման, մշակման,  արտադրության և ներդրման խրախուսում և դյուրացում։ 
  • Գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորում և դրանց արդյունավետ կիրառում։

«Հայաստան» դաշինք logo «Հայաստան» դաշինք

Թվային Հայաստան 

  • Մշակվելու եւ գործադրվելու է Հայաստանի թվային կառավարման օրակարգը։ Այն ներառելու է պետական ծառայությունների մատուցման թվայնացում, ապահովելով առկա օպտիմալացված, հասանելի եւ անհատականացված պետական թվային ծառայությունները, տվյալների մշակման վրա հիմնված քաղաքականությունների մշակումն ու որոշումների կայացումը, պետական մարմինների միջեւ արդյունավետ եւ «անտեսանելի» համագործակցության հնարավորությունների ընդլայնումը։ 
  • Իրականացվելու է թվային հմտությունների ընդլայնման, կրթության եւ աշխատաշուկայի պահանջների միջեւ արդյունավետ եւ գործուն կապի ստեղծման, «խելացի» մասնագիտացումների ներդրման եւ պետական կառվարման համակարգի աշխատակիցների շրջանում թվային կարողությունների զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված քաղաքականություն։ 
  • Ստեղծվելու են թվային ենթակառուցվածքներ, որոնց արդյունքում Հայաստանում կունենանք թվային ներառականության ապահովման համար համարժեք պայմաններ եւ Հայաստանը տվյալների տարածաշրջանային կենտրոն դարձնելու նախադրյալներ։ 
  • Ստեղծվելու է կիբերանվտանգության գործուն համակարգ, այդ թվում` պետություն-մասնավոր համագործակցությամբ։ 
  • Թվային տնտեսության ընձեռած գործիքներով սկսվելու է ոչ տեխնոլոգիական ճյուղերի թվայնացումը, զարգացվելու է «թվային ձեռներեցության» ուղղությունը, ինչպես նաեւ ընդլայնվելու են տվյալների հավաքագրման եւ վերլուծության հիման վրա բիզնես որոշումների կայացման հնարավորությունները։ 
  • Արտասահմանից հայազգի բարձրակարգ ՏՏ մասնագետների ներգրավման նպատակով սահմանվելու են օտարերկրյա ՏՏ մասնագետների եկամուտների հարկման խթանող լուծումներ։ Նոր օրենսդրական լուծումներ են տրվելու նաեւ օտարերկրյա ՏՏ ընկերություններին՝ ՀՀ-ում ռեզիդենտ գրանցելու համար: 
  • Հատուկ պայմաններ են սահմանվելու այն ընկերությունների համար, որոնք ապրանքներ եւ ծառայություններ են վաճառում համաշխարհային հանրահայտ միջազգային թվային հարթակներում։ 
  • էլեկտրոնային առեւտրի զարգացման նպատակով սկսելու ենք բանակցել միջազգային վճարահաշվարկային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են PayPal, Google Pay, Apple Pay, Samsung Pay եւ այլք. վերջիններիս՝ վճարահաշվարկային գործիքները հայաստանյան բաժանորդներին լիարժեք հասանելի դարձնելու նպատակով։ 
  • «Հայփոստ»–ի հիմքի վրա ստեղծվելու է նոր կառույց, որը հնարավորություն կտա բնակչությանը տարբեր ուղղություններով միջազգային առաջատար չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցել։ 
  • Ինովացիոն համակարգի ստեղծման նպատակով իրականացվելու են համալիր միջոցառումներ՝ ապահովելու գիտության արդյունքը կոնկրետ կիրառական ու սպառողական արդյունքների վերածելու ողջ շղթայի աջակցումն ու ֆինանսավորումը, ինչպես նաեւ՝ գիտական արդյունքի ստեղծման բոլոր փուլերից դրաառեւտրայնացման ապահովումը:

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ logo Ազգային - Ժողովրդավարական Բևեռ

  • Մեկնարկել գիտահենք արդյունաբերությամբ, պաշտպանական արդյունաբերությամբ և հանքարդյունաբերությամբ պայմանավորված տնտեսական արժեքային շղթաների ամբողջականացման ռազմավարական ծրագրեր և գործնական միջոցներ ձեռնարկել այդ համատեքստում համաշխարհային զարգացումներին մասնակից դառնալու համար:
  • Քայլեր ձեռնարկել Հայաստանի՝ որպես Հարավ-Հյուսիս միջանցքի հանգուցային մասի, հեռանկարի և համաշխարհային 4-րդ արդյունաբերական հեղափոխությամբ պայմանավորված զարգացումներին մասնակից  դառնալու համար, այդ թվում.
  • պետության աջակցությամբ և արտերկրահայության ներգրավմամբ ստեղծել էլեկտրոնային առևտրի (ecommerce) հարթակներ,պետության աջակցությամբ ստեղծել կրիպտոտնտեսության (բլոքչեյն տնտեսության) հարթակներ, հիմնել բիոտեխնոլոգիաների, մեդիատեխնոլոգիաների, ռոբոտային և արհեստական բանականության տեխնոլոգիաների լաբորատոր հարթակներ, առկա կարողությունների ընդլայնմամբ և զարգացմամբ մեկնարկել Հայաստանը տեխնոլոգիական տրանսֆերի տարածաշրջանային կենտրոնի վերածելու ծրագիր, 
  • կրթության համակարգը համապատասխանեցնել Հարավ-Հյուսիս միջանցքի հանգուցային մաս կազմելու հեռանկարին և 4-րդ արդյունաբերական հեղափոխության չափանիշներին,
  • օրենսդրությունը և ֆինանսավարկային համակարգը համապատասխանեցնել Հարավ-Հյուսիս միջանցքի հանգուցային մաս կազմելու հեռանկարին 4-րդ արդյունաբերական հեղափոխության պահանջներին։