Թվային Հայաստան
- Մշակվելու եւ գործադրվելու է Հայաստանի թվային կառավարման օրակարգը։ Այն ներառելու է պետական ծառայությունների մատուցման թվայնացում, ապահովելով առկա օպտիմալացված, հասանելի եւ անհատականացված պետական թվային ծառայությունները, տվյալների մշակման վրա հիմնված քաղաքականությունների մշակումն ու որոշումների կայացումը, պետական մարմինների միջեւ արդյունավետ եւ «անտեսանելի» համագործակցության հնարավորությունների ընդլայնումը։
- Իրականացվելու է թվային հմտությունների ընդլայնման, կրթության եւ աշխատաշուկայի պահանջների միջեւ արդյունավետ եւ գործուն կապի ստեղծման, «խելացի» մասնագիտացումների ներդրման եւ պետական կառվարման համակարգի աշխատակիցների շրջանում թվային կարողությունների զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված քաղաքականություն։
- Ստեղծվելու են թվային ենթակառուցվածքներ, որոնց արդյունքում Հայաստանում կունենանք թվային ներառականության ապահովման համար համարժեք պայմաններ եւ Հայաստանը տվյալների տարածաշրջանային կենտրոն դարձնելու նախադրյալներ։
- Ստեղծվելու է կիբերանվտանգության գործուն համակարգ, այդ թվում` պետություն-մասնավոր համագործակցությամբ։
- Թվային տնտեսության ընձեռած գործիքներով սկսվելու է ոչ տեխնոլոգիական ճյուղերի թվայնացումը, զարգացվելու է «թվային ձեռներեցության» ուղղությունը, ինչպես նաեւ ընդլայնվելու են տվյալների հավաքագրման եւ վերլուծության հիման վրա բիզնես որոշումների կայացման հնարավորությունները։
- Արտասահմանից հայազգի բարձրակարգ ՏՏ մասնագետների ներգրավման նպատակով սահմանվելու են օտարերկրյա ՏՏ մասնագետների եկամուտների հարկման խթանող լուծումներ։ Նոր օրենսդրական լուծումներ են տրվելու նաեւ օտարերկրյա ՏՏ ընկերություններին՝ ՀՀ-ում ռեզիդենտ գրանցելու համար:
- Հատուկ պայմաններ են սահմանվելու այն ընկերությունների համար, որոնք ապրանքներ եւ ծառայություններ են վաճառում համաշխարհային հանրահայտ միջազգային թվային հարթակներում։
- էլեկտրոնային առեւտրի զարգացման նպատակով սկսելու ենք բանակցել միջազգային վճարահաշվարկային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են PayPal, Google Pay, Apple Pay, Samsung Pay եւ այլք. վերջիններիս՝ վճարահաշվարկային գործիքները հայաստանյան բաժանորդներին լիարժեք հասանելի դարձնելու նպատակով։
- «Հայփոստ»–ի հիմքի վրա ստեղծվելու է նոր կառույց, որը հնարավորություն կտա բնակչությանը տարբեր ուղղություններով միջազգային առաջատար չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցել։
- Ինովացիոն համակարգի ստեղծման նպատակով իրականացվելու են համալիր միջոցառումներ՝ ապահովելու գիտության արդյունքը կոնկրետ կիրառական ու սպառողական արդյունքների վերածելու ողջ շղթայի աջակցումն ու ֆինանսավորումը, ինչպես նաեւ՝ գիտական արդյունքի ստեղծման բոլոր փուլերից դրաառեւտրայնացման ապահովումը: