Դաշինքը որպես առանցքային նպատակ է դիտարկում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության բոլոր մարմինների և պաշտոնատար անձանց կողմից։
- Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու հիմնական իրավունքներին և ազատություններին վերաբերող դրույթների իրացումը օրենսդրության մեջ,
- Հիմնական իրավունքների սահմանափակումներին ներկայացվող խստագույն սահմանադրական պահանջների անխտիր պահպանումը և իրացումը գործնականում՝ համաչափություն, իրավական որոշակիություն և հիմնական իրավունքների էության անխախտելիություն։
Նշված խնդիրները լուծելու նպատակով.
- Պետք է երաշխավորել հիմնական իրավունքների անմիջական գործողությունը և դրանց պաշտպանությունն ապահովող կառուցակարգերի անխափան ու արդյունավետ աշխատանքը, հատկապես՝ ի դեմս դատական համակարգի և սահմանադրական արդարադատության երաշխիքների:
- Մարդու հիմնական իրավունքները հատկապես խոցելի են քրեական վարույթի շրջանակներում, որտեղ պետք է նախատեսել պաշտպանության լուրջ և գործուն երաշխիքներ ու կառուցակարգեր։ Այս առումով անհրաժեշտ է ուժեղացնել դատախազության և քննչական մարմինների ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անկախությունը՝ զերծ ցանկացած միջամտությունից, քաղաքական հանձնարարականներից, ցուցումներից կամ ճնշումից։
- Պետք է կատարելագործել հատկապես քաղաքացիական և վարչական իրավունքների ոլորտում կարգավորումներն ու դատավարական օրենսգրքերը այնպես, որ յուրաքանչյուր անհատ հնարավորություն ունենա ողջամիտ ժամկետում վերականգնելու իր խախտված իրավունքը։
- Պետք է ներդնել և կիրառել մարդու իրավունքների պաշտպանության արտադատական արդյունավետ գործիքներ, որոնց միջոցով մարդիկ հնարավորություն կունենան ողջամիտ կարճ ժամկետում վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները։
- Պետք է ամրապնդել Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես մարդուհիմնական իրավունքների կարևոր առաջամարտիկի ինստիտուտը, նախատեսել վերջինիս անկախությունը և արդյունավետ գործունեությունը երաշխավորող անհրաժեշտ բոլոր կառուցակարգերը։ Պետք է մտածել նաև այլ ոլորտներում գործող համարժեք ինստիտուտների կայացման կամ դրանց աջակցության մասին (ֆինանսական ոլորտ, զանգվածային լրատվության միջոցներ, վարչարարություն, ճանապարհային ոստիկանություն, համայնքային կառույցներ և այլն)։
- Պետք է գործարկել հատուկ մեխանիզմներ, որոնց միջոցով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների կիրառմամբ կբացառվեն մարդու իրավունքների ոլորտում հանրային
- Հանձնառություն ստանձնած կազմակերպությունների կողմից ազգային արժեհամակարգին հակադրվելու շարժառիթներն ու գործելակերպը։ Պետք է նպաստել նաև քաղաքացու նոր տեսակի ձևավորմանը՝ անհատի, ով արմատներով ազգային է, պաշտում է հայրենի հողը, իր երջանկությունը չի պատկերացնում առանց հայրենիքի, օրինապաշտ է։
- Պետք է բացառել սահմանադրական արդարացում չունեցող որևէ արտոնյալ դիրք, օրենքի տարբերակված կիրառում, կոռուպցիոն ռիսկեր ստեղծող և արհեստականորեն որևէ սուբյեկտի համար առավելություններ նախատեսող օրենսդրական երկիմաստություններն ու այլ անորոշությունները։
- Մարդու հիմնական իրավունքները իրավական պետության անօտարելի բաղադրիչն են, և դրանցով կաշկանդվածությունը, դրանց հարգումն ու պաշպանությունը՝ ողջ հանրային իշխանության պարտականությունը:
- Բոլոր մարդիկ իրավահավասար են և հավասար են օրենքի առջև:
- Պետության մեջ պետք է երաշխավորված լինեն և անխափան գործեն մարդու իրավունքների պաշտպանության իրապես արդյունավետ կառուցակարգեր։