- Առողջապահության համակարգի բարեփոխումը ենթադրում է անցում «հիվանդապահությունից» դեպի առողջության պահպանում, համապարփակ առողջապահական ապահովագրություն, սպորտի զանգվածայնացում, սեփական բարձրորակ դեղագործական եւ կենսատեխնոլոգիական արդյունաբերության զարգացում։
- Պետական բյուջեից առողջապահության ոլորտին տրամադրվող միջոցների մակարդակը աստիճանաբար ավելացնել և առաջիկա հինգ տարիներին հասցնել մինչև ՀՆԱ առնվազն 3 տոկոսի:
- Առողջապահական համակարգի աշխատողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման եւ տեխնոլոգիական առաջընթացի պահանջներին համապատասխանեցման նպատակով իրականացնել մասնագետների լայնածավալ վերապատրաստումների պետական ծրագրեր եւ ներդնել գործունեության անհատական լիցենզավորման համակարգ։
- Աստիճանական անցում կատարել առողջության համապարփակ (պարտադիր) ապահովագրությանը, հիմնված «հարուստը վճարում է աղքատի, առողջը` հիվանդի, աշխատողը` գործազուրկի, երիտասարդը` տարեցի համար» սկզբունքի վրա: Ապահովագրության համընդհանուր ծածկույթ ապահովելու համար առաջիկա հինգ տարիներին, առանձին ապահովադիրների (աշխատող, գործատու, պետական բյուջե) կողմից ապահովագրավճարների չափի աստիճանական ավելացմանը զուգընթաց, մեծացնել բնակչության նորանոր խմբերի ընդգրկումը, ինչպես նաեւ ապահովագրական բուժօգնության ծավալները:
- Նախաձեռնել օրենսդրական անհրաժեշտ կարգավորումներ պահանջող հեռավար բժշկության տարրերի իրականացում թե՛ ներհանրապետական մակարդակում, թե՛ միջազգային պայմանավորվածությունների շրջանակներում։
- Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ զարգացնել դեղերի, դեղագործական ապրանքների, բժշկական նշանակության սարքերի ու սարքավորումների արտադրությունը, շեշտը դնելով համաճարակի դեմ պայքարում կիրառվող դեղամիջոցների, օգտագործվող սարքերի եւ սարքավորումների արտադրության վրա: