Ծրագրեր

Կոմպաս

Քաղաքական կոմպասը առաջին հայալեզու գործիքն է, որը քաղաքացիներին տեղակայում է քաղաքական առանցքի վրա: Կոմպասի hարցաշարը բաղկացած է հասարակական, քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային ոլորտներին վերաբերող 43 հարցերից: «Քաղաքական երկխոսության» ՏՏ թիմի կողմից մշակված խելացի ալգորիթմի միջոցով ծրագիրը օգտատերերին տեղակայում է քաղաքական կոորդինատային առանցքի վրա՝ ցույց տալով իրենց մոտավոր դիրքը քաղաքական - գաղափարական տարապատկերում: Կոմպասի կոորդինատային առանցքի վրա ներկայացված են հայաստանյան մի շարք կուսակցություններ, որոնց տեղակայումը կատարվել է ըստ վերջիններիս ծրագրերում արտահայտված գաղափարախոսությունների։ Այսպիսով, Քաղաքական Կոմպասն օգնում է բացահայտել, թե որ քաղաքական կուսակցության գաղափարախոսությունն է մոտ քաղաքացիների հայացքներին։ Կոմպասը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով։ Հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ հասցրել են անցնել հարցաշարը և տեղեկանալ իրենց քաղաքական գաղափարախոսության մասին։

Երկխոսության հարթակ

Կարևորելով երկխոսությունը քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության միջև՝ որպես հարատև ժողովրդավարության հասնելու ճանապարհին առանցքային հանգրվան ստեղծել ենք քաղաքական երկխոսության հարթակ՝ նպատակ ունենալով կոտրել նրանց միջև եղած անջրպետը։ Ի վերջո, ժողովրդավարությունն սկսում է երկխոսությամբ։ Երկխոսության հարթակի շրջանակներում կազմակերպվել և շարունակվում են կազմակերպվել քննարկումներ տարբեր թեմաների շուրջ, ինչպես օրինակ աշխատանքային իրավունքներ, դատաիրավական բարեփոխումներ, Արցախյան հիմնահարց, մեդիառեֆորմներ և այլն։ Քննարկումների մասնակիցներն ու բանախոսներն են խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների անդամները, քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի ներկայացուցիչները։ Քննարկումները անցկացվում են ինչպես փակ ֆորմատով, այնպես էլ հանրային մասնակցությամբ։

Ծրագրերի համեմատում1

Այս բաժնում կարող եք ծանոթանալ քաղաքական ուժերի 2026թ. նախընտրական ծրագրային դրույթներին՝ ըստ բաժինների, ինչպես նաև համեմատել դրանք: *Ներառված են այն ուժերի ծրագրերը, որոնք հանրայնացրել կամ տրամադրել են իրենց ծրագրերը մինչև մայիսի 7-ը։

Ինֆոգրաֆիկաներ

Ծրագրի նպատակն է ինֆոգրաֆիկաների միջոցով քաղաքական գործընթացները ավելի հասանելի դարձնել հասարակության լայն շերտերին և քաղաքականությունը ավելի մոտեցնել քաղաքացիներին: Ինֆոգրաֆիկաները քաղաքական գործընթացները, օրենքների նախագծերը, կառավարության որոշումները ներկայացնում են հանրամատչելի եղանակով։ Վերջիններիս նպատակը ոչ միայն քաղաքական տեղեկատվությունը հասկանալի դարձնելն է, այլև հանրության ուշադրությունը գրավելը և քաղաքական գործընթացներում ներգրավելը։

Հետազոտություններ

Կազմակերպությունը նախաձեռնում և պատրաստում է տարբեր հետազոտություններ։ Հետազոտություններն անդրադառնում են մի շարք թեմաների, ինչպիսիք են կուսակցությունները, քաղաքական գաղափարախոսությունները, քաղաքակամ ուժերի նախընտրական ծրագրերը, քաղաքական դիսկուրսը և այլն։ Հետազոտությունների արդյունքները վիզուալիզացիայի գործիքների շնորհիվ ներկայացվում են քաղաքացիներին։ Այսպիսով, հետազոտությունը հասանելի է դառնում ոչ միայն քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի համար, այլև հանրության լայն շերտերին։

Փոդքաստներ

Կազմակերպությունը իրականացնում է «Քաղաքական Փոդքաստների» շարք։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական հաստատությունների ու լրատվամիջոցների՝ քաղաքական գործընթացների և բարեփոխումների մասին տրամադրած տեղեկատվությունը դժվար հասկանալի է, իսկ հաղորդակցությունը բարդ և ոչ գրավիչ՝ կազմակերպությունը փորձում է լրացնել այս բացը փոդքասթների միջոցով։ Փոդքաստների բանախոսները՝ քաղհասարակության և փորձագիտական համայնքի ներկայացուցիչները, զրույցի ձևաչափով ներկայացնում են ինչպես հանրային հետաքրքրություն ներկայացնող քաղաքական թեմաները, այնպես էլ կարևոր նշանակություն ունեցող, բայց հանրային օրակարգում չընդգրված հարցերը։