Ընտրական օրենսգրքի փոփոխություններ

20/08/2020 09:10

 

Քաղաքական երկխոսություն կազմակերպությունը շարունակում է իր LIVE քննարկումների շարքը:

Օգոստոսի 19-ին «Կարևորի մասին» խորագրի ներքո տեղի ունեցավ կազմակերպության հերթական ուղիղ հեռարձակումը, որի շրջանակում քննարկվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ու հարակից հարցեր:

Զրույցի մասնակիցներն էին Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող, պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ հետևյալին.

  • Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ տեղի ունեցող գործընթացներին

Պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշեց, որ դեռ անցյալ տարի ամռանը որոշում կայացվեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները իրականացվելու են փուլ առ փուլ, քանի որ դա համալիր փաստաթուղթ է և, օրենսգրքում առկա տարբեր կարգավորումներ տարբեր հրատապություն ունեն: Որպես էդպիսին՝ ներկայում հրատապություն են ներկայացնում տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապված փոփոխությունները, որովհետև Հայաստանում պարբերաբար տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ:

  • «Կայուն մեծամասնության» գաղափարի պահպանմանը

Ըստ Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի՝ այս գաղափարը չպետք է պահպանվի, որովհետև դա ինչ-որ առումով խաթարում է ժողովրդի իրական ձայնի արտացոլմանը Պարլամենտում՝ այդպիսով խթան հանդիսանալով միակուսակցական համակարգի ձևավորմանը:

Համազասպ Դանիելյանը ի պատասխան այս հարցի՝ նշեց, որ կարևոր է ֆիքսել, որ այս գաղափարը ամրագրված է ՀՀ Սահմանադրութամբ: Այդուհանդերձ, այս դրույթի հետ կապված պատգամավորը ներկայացրեց երեք փաստարկ.

  1. Փորձը ցույց տվեց, որ «կայուն մեծամասնությունը» չի ծառայում իր նպատակին, այսինքն չի իրականացնում քաղաքական կայունության ապահովման գործառույթ
  2. Միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ նման կարգավորում որևէ ժողովրդավար երկրում գոյություն չունի
  3. «Կայուն մեծամասնություն» դրույթը և դրա հետ կապված կարգավորումները ավելի շատ խրախուսում են ոչ համաձայնողական մշակույթ և հետևաբար «կայուն մեծամասնությունը»-ից ձերբազատվելու հիմնական նպատակը այն է, որ Հայաստանում ստեղծվի համաձայնողական քաղաքական մշակույթ

 

  • Կուսակցությունների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելուն

Սոնա Այվազյանը ընդգծեց, որ կարևոր է, որ նախընտրական պայքարում նոր կուսակցությունների համար ևս ստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ ու, որ ընթանա ո՛չ թե ռեսուրսային, այլ՝ գաղափարային պայքար. պետք է բիզնեսը ամբողջովին առանձնացվի քաղաքականությունից, իսկ քաղաքացին կատարի իրազեկ ընտրություն:

  • Աժ աշխատանքային խմբում արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներգրավվածությանը

Պատգամավոր Համազասպ Դանիելյանը մեկնաբանելով հարցը՝ նշեց, որ այս փուլում ցանկացած արտախորհրադարանական քաղաքական ուժ կարող է ներկայացնել իր մոտեցումները ինչպես հանրային քննարկումների ընթացքում, այդպես էլ գրավոր առաջարկներով: Հայաստանում կա 84 գրանցված կուսակցություն, սակայն դա ոչ մի կերպ չի խոչընդոտում, որ քննարկման առարկայի շուրջ վերջիններս հայտնեն իրենց դիրքորոշումը:

Զրույցն ամբողջությամբ հասանելի է կազմակերպության Ֆեյսբուքի էջում: