Մեդիան սահմանային լարվածության ժամանակ

31/07/2020 09:27

 

Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունները լայնորեն լուսաբանվեցին զանազան լրատվամիջոցների կողմից:

Մեդիադաշտի փորձառու ներկայացուցիչները  օպերատիվորեն արձագանքում էին ստեղծված իրավիճակին՝ փորձելով ոչ միայն մատուցել ճշգրիտ տեղեկատվություն, այլև պայքարել կեղծ տեղեկատվության դեմ:

Հուլիսի 30-ին Քաղաքական երկխոսություն կազմակերպությունը իր Ֆեյսբուքի էջում կազմակերպել էր LIVE քննարկում:

«Կարևորի մասին» խորագրի ներքո  այս անգամ քննարկվում էր մեդիայի գործունեությունը սահմանային լարվածությունների ժամանակ:

Քննարկման մասնակիցներն էին ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը և մեդիափորձագետ Արթուր Պապյանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ, մասնավորապես հետևյալին.

  • Մեդիայի աշխատանքի արդյունավետությանը հուլիսյան դեպքերի ժամանակ

ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ուսումնասիրել է հուլիսյան դեպքերի արտացոլումը մեդիադաշտում ու այն համեմատել ապրիլյան դեպքերի հետ. չնայած ծավալների տարբերությանը, նա շատ մեծ կիքսերի չի հանդեպ: Պատգամավորը, այդուհանդերձ, նշեց, որ մեդիադաշտում առկա է համակարգային խնդիր, որովհետև կան իրենց լրատվականներ անվանող հարթակներ, որոնք իրենց գործելաոճով չեն կարող կոչվել  «լրատվամիջոց»:

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը մանրամասնեց, որ այդ ընթացքում մենք 3 տարբեր շերտերի հետ գործ ունեինք. Առաջին բանը, որի հետ մենք բախվեցինք մարտական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո՝ ադրբեջանական կողմի պրոպագանդան էր, որը շատ ինտենսիվորեն ներթափանցում էր մեր լրատվադաշտ: Երկրորդը՝ հայկական կողմի, պետական մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվությունն էր ու դրա արտացոլումը տեղական լրատվամիջոցներում, երրորդը՝ հայաստանյան սոցցանցերում երկու ճակատներից ստացվող տեղեկատվության, ազդակների շուրջ ծավալվող քննարկումներն էին: Մեր լրատվական դաշտը, փաստորեն, միանգամից, պետք է ընդուներ ու վերարտադրեր այս երեք ցիկլերը:

Մեդիափորձագետը խոսեց նաև խնդիրներից. Օրինակ այն, որ սահմանամերձ շրջանից ուղիղ եթերներ իրականացվեցին, ինչն, ուղղակի, անթույլատրելի էր:

  • Պատերազմական իրավիճակներում լրատվամիջոցների գործունեության՝ իրավական նորմերով կարգավորումներից

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ որպես էդպիսին իրավական կարգավորիչներ չկան, բայց կան օրենքներ, որոնք կիրառվում են՝ կախված իրավիճակից: Պատգամավորը ընդգծեց, որ որքան էլ, որ մենք ականատես ենք լինում անբարեխիղճ լրագրության, այդուհանդերձ, ինքը կարծում է, որ պետական ապարատը, առհասարակ պետք է չմիջամտի մեդիադաշտի կարգավորման գործընթացներին: Պետության գործառույթը այստեղ պետք է լինի միջավայրի ստեղծումը՝ ֆինանսական թափանցիկության, ինքնակարգավորման հնարավորությունների առումներով և այլն:

Արթուր Պապյանն անդրադարձավ ինֆորմացիոն վակուումին, որը և ի հայտ է բերում ապատեղեկատվություն ու այն արտատպող լրատվականներ: Այս ամենի դեմ պայքարելու լավագույն ձևերից մեկը դաշտը ճշգրիտ տեղեկատվությամբ ողողելն է, ու երբ փորձ է արվում օրենքով դաշտը կարգավորել, խնդիրներ են առաջանում:

 

Զրույցին ամբողջությամբ կարող եք հետևել այստեղ: