Անձնական տվյալների պաշտպանությունը ՀՀ-ում
28/07/2020 09:15
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» նոր օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2015 թվականի մայիսի 18-ին և ուժի մեջ մտել 2015 թվականի հուլիսի 1-ին: Օրենքով սահմանվում է պետական և մասնավոր կազմակերպությունների կողմից անձնական տվյալների շրջանառության կարգը, ինչպես նաև անձնական տվյալների հետ աշխատող կազմակերպությունների և այդ տվյալների սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի համաձայն 2015 թվականին ստեղծվել է անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: Անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործունեության նպատակների մեջ է մտնում` անձնական տվյալների շրջանառություն իրականացնող կազմակերպությունների («անձնական տվյալներ մշակողների») ռեեստրի վարումը, անձնական տվյալների շրջանառության հետ կապված հարաբերություններում տվյալների սուբյեկտների իրավունքների պաշտպանության ապահովումը, ինչպես նաև իր լիազորությունների շրջանակներում անձնական տվյալների շրջանառության օրինականության ապահովումը:
Ներկայացնում ենք մի քանի հաճախ տրվող հարցեր անձնական տվյալների պաշտպանության մասին.
- Արդյո՞ք լուսանկարը համարվում է մարդու անձնական տվյալ
Լուսանկարը համարվում է անձնական տվյալ, քանի որ թույլ է տալիս ուղղակի կերպով նույնականացնել մարդուն:
- Ո՞ր դեպքում է թույլատրվում մարդու անձնական տվյալների փոխանցումն այլ երկիր
Անձնական տվյալները կարող են այլ երկիր փոխանցվել տվյալների սուբյեկտի համաձայնությամբ, կամ եթե տվյալների փոխանցումը բխում է անձնական տվյալների մշակման նպատակներից և (կամ) անհրաժեշտ է այդ նպատակների իրագործման համար: Անձնական տվյալները կարող են փոխանցվել այլ պետություն կամ Գործակալության թույլտվությամբ, կամ առանց դրա, պայմանով, որ այդ պետությունում ապահովված է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ: Անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակը համարվում է ապահովված, եթե՝ անձնական տվյալները փոխանցվում են միջազգային պայմանագրերին համապատասխան կամ անձնական տվյալները փոխանցվում են Գործակալության կողմից պաշտոնական հրապարակված ցուցակում ընդգրկված որևէ երկիր: Թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է գրավոր դիմել Գործակալությանը` թույլտվություն ստանալու հայտով:
- Մինչև երեխայի` չափահասության տարիքը լրանալը, ո՞վ է իրականացնում երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը
Մինչև 16 տարեկան երեխայի անձնական տվյալները մշակելու համար համաձայնություն տալիս է, երեխայի անձնական տվյալների պաշտպանության հետ կապված այլ գործողություններ իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը` ծնող, խնամակալ և այլն: 16 տարին լրացած երեխաների անձնական տվյալները մշակվում են վերջիններիս համաձայնության հիման վրա: Ամեն դեպքում, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան պետք է հաշվի առնել նաեւ երեխայի կարծիքը:
- Արդյո՞ք թույլատրվում է ուսումնական հաստատություններում տեսանկարահանել երեխաներին
Ուսումնական հաստատություններում տեսանկարահանում կարելի է կատարել միայն օրինական նպատակին համար և անձնական տվյալների սուբյեկտների (աշակերտներ կամ նրանց օրինական ներկայացուցիչներ, ուսուցիչներ) համաձայնությամբ: Տեսահսկման կարելի է ենթարկել միայն ուսումնական հաստատության մուտքը, միջանցքները և դասասենյակների այն հատվածները, որտեղ գտնվում է թանկարժեք գույք: Արգելվում է տեսահսկում իրականացնել դասասենյակներում, ուսուցչանոցում, սպորտային դահլիճում հանդերձարաններում և զուգարաններում:
- Ո՞ւր պետք է դիմել, երբ խախտվել է մարդու անձնական տվյալների պաշտպանության իրավունքը
Հայաստանի Հանրապետությունում անձնական տվյալների պաշտպանությունն իրականացնում է լիազոր մարմինը` Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, ուր էլ պետք է դիմել այս իրավունքի խախտումների դեպքում։ Ինչպես նաեւ, կարելի է դիմել դատարան:
«Անձնական տվյալների պաշտպանությունը ՀՀ-ում» սոց.արշավը ինֆոգրաֆիկայով հասանելի է նաև կազմակերպության Ֆեյսբուքի էջում: