Կարևորի մասին. ժողովրդավարության մարտահրավերները

21/07/2020 12:02

Հուլիսի 20-ին Քաղաքական երկխոսություն կազմակերպության Ֆեյսբուքի էջում տեղի ունեցավ «Կարևորի մասին» խորագրով հերթական LIVE քննարկումը:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանն ու Քաղաքական երկխոսության համահիմնադիր Ավնիկ Մելիքյանը քննարկում էին մարդու իրավունքների և ժողովրդավարության մարտահրավերները համավարակի պայմաններում:

Զրույցի ընթացքում բանախոսները անդրադարձան հետևյալ հարցերին.

  • ՀՀ-ում նոր կորոնավիրուսի վարակով պայմանավորված իրավիճակում մարդու որոշակի իրավունքների խախտումներին ու ազատությունների սահմանափակումներին

 Մարիա Կարապետյանը նշեց, որ հայտարարաված արտակարգ դրությունը՝ որպես իրավական ռեժիմ, իսկապես, շատ նման է մամլիչի՝ մարդու իրավունքների նկատմամբ: Սա, իհարկե, հաճելի երևույթ չէ, բայց այդուհանձերձ, անհրաժեշտ է եղել հանրային առողջությունը պաշտպանելու համար: Պատգամավորը նշեց, որ գուցեև ստեղծված իրավիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծում իրավունքի ոչ իրավաչափ խախտումների, ոտնահարումների համար, բայց սրանք լրիվ այլ տիրույթում են: Այս ընթացքում, ըստ Մարիա Կարապետյանի, մենք ունեցել ենք մարդու իրավունքների ոչ թե սահմանափակումներ, այլ՝ խախտումներ:

 Ավնիկ Մելիքյանը հավելեց, որ ժողովրդավարության տեսանկյունից, ստեղծված իրավիճակում, պետք է, այնուամենայնիվ, լինեն մեխանիզմներ, որոնք կարող են դադարեցնել արտակարգ իրավիճակով պայմանավորված իշխանությանը տրված լիազորությունները, հակառակ դեպքում, չի բացառվում, որ իշխանությունը ցանկանա երկար ժամանակով պահել արտակարգ դրության ռեժիմը՝ ընդունելով տարբեր որոշումներ և օրինագծեր: Սա կարող է լուրջ վտանգ ներկայացնել ժողովրդավարության համար:

 

  • Պետության կողմից ձեռնարկվող քայլերին՝ ստեղծված իրավիճակում մարդկանց տարբեր իրավունքները պաշտպանելու համար

 Մարիա Կարապետյանն անդրադարձավ նախ աշխատանքային իրավունքին՝ հորդորելով, որ քաղաքացիները հետամուտ լինեն դրանց պաշտպանությանը, օրինակ՝ աշխատանքի ընդունվելիս պահանջեն, որ ունենան պայմանագիր, որովհետև միայն այդ պայմանագրի առկայության դեպքում է հնարավոր մարդուն տեղորոշել, ապա պաշտպանել նրա իրավունքները: Ինչ վերաբերվում է պետության կողմից ներդրված աջակցության գործիքներին, ապա պետությունը խրախուսեց այն գործատուներին, որոնք ունեին գրանցված աշխատողներ:

 Ավնիկ Մելիքյանն էլ նշեց, որ երբեմն քաղաքացիները, ելնելով ծանր սոցիալական պայմաններից, նույնիսկ տիրապետելով իրենց աշխատանքային իրավունքներին, ստիպված են գնալ գործատուի հետ փոխզիջման, քանի որ չունեն այլընտրանք: Այստեղ արդեն կարևոր է տեսչական մարմնի գործունեությունը:

 

  • Քաղաքացիների ազատ տեղաշարժի, ակցիաներ և ցույցեր իրականացնելու իրավունքների սահմանափակումներին ու դրանց վերացման մեխանիզմներին

 Մարիա Կարապետյանը նշեց, որ ամենևին չկասկածելով, որոշ հանրային խմբերի բարձր պատասխանատվությանը, այդուհանդերձ գործնականում դժվար է պատկերացնում համավարակի պայմաններում ակցիա իրականացնողների ու լրագրողների շփումը ու դա պայմանավորված է նրանով, որ մենք ականատես ենք եղել այս սահմանափակման խախտման օրինակների: Պատգամավորը չկարողացավ ասել՝ արդյոք տեսանելի ապագայում հնարավոր կլինի սրան լուծում գտնել ու առաջարկեց հանրային խոսքը կամ բողոքը տեղ հասցնել այլընտրանքային մեթոդներով՝ օրինակ օգտագործել էլեկտրոնային հարթակները:

 Ավնիկ Մելիքյանը արձագանքելով հարցին՝ նշեց, որ հակասություն է տեսնում այս ամենում, որովհետև, եթե մենք պահանջում ենք չկուտակվել, չհավաքվել մեկ վայրում, ապա հանրային տրանսպորտում, ժամանցի վայրերում ամեն օր մարդկային կուտակումների ենք ականատես լինում: Ստացվում է, որ վերոնշյալ վայրերում մարդիկ կուտակվելով՝ նպաստում են տնտեսության շարժիչի անխափան աշխատանքին, իսկ որևէ խնդրի շուրջ, ակցիաների միջոցով, բողոքի ձայն բարձրացնելու հնարավորություն չունեն:

 Քննարկմանն ամբողջությամբ կարող եք հետևել այս հղումով՝ https://www.facebook.com/PoliticalDialogueNGO/videos/645236586347980/