Կարևորի մասին․ Գույքահարկ

13/07/2020 11:46

Քաղաքական երկխոսությունը շարունակում է «Կարևորի մասին» խորագրով LIVE քննարկումների շարքը։ 

 Հուլիսի 10-ին կազմակերպության Ֆեյսբուքի էջում տեղի ունեցավ քննարկում՝ «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի թեմայով։

Օրինագծով  նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ։

Քննարկման մասնակիցն էր Հայ Ազգային Կոնգրեսի վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը, ով նաև մինչ այս գործող գույքահարկի մասին օրենքի համահեղինակներից է։

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ հետևյալին․

 

  • Նախագծի հապճեպ ընդունմանն ու դրա տնտեսական հիմնավորումներին

Սամվել Աբրահամյանի կարծիքով, անկախ ամեն ինչից, այս շրջանում իշխանությունը պետք է ձեռնպահ մնար այս օրենքի ընդունումից․ այս առիթով ՀԱԿ-ը արդեն իսկ հայտնել էր իր մտահոգությունները՝ http://www.anc.am/?p=3024։

Ինչ վերաբերվում է Կառավարության հիմնավորումներին, ապա, ըստ Աբրահամյանի, դրանցում տնտեսական հիմնավորումների բաղադրիչը բացակայում էր։

  • Նախագծով պայմանավորված ռիսկերին

Սամվել Աբրահամյանի խոսքով ռիսկերը, ցավոք, որևէ կերպ գնահատված չեն։ Փաստ է միայն այն, որ սա հետապնդել է զուտ ֆիսկալ նպատակ՝ ավելացնել բյուջեի եկամուտները, ինչը կարող է լուրջ ազդեցություն ունենալ բիզնեսի որոշ տեսակների վրա, որոնք օգտագործում են բավականին մեծ մակերեսով անշարժ գույք, օրինակ՝ առողջապահական ոլորտն ու մարզական համալիրները, հյուրանոցային ու ռեստորանային բիզնեսը։ Ընդ որում, Աբրահամյանը նշեց, որ խնդիրը եթե ոչ հիմա, ապա մի քանի տարուց իր ամբողջ սրությամբ հառնելու է վերջիններիս առաջ։

 

  • Հիմնախնդիրներին

Հայտնի է, որ հետայսու գույքահարկը հաշվարկվելու է անշարժ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայական մոտարկված արժեքի հիման վրա։ Ելնելով այս փաստից՝ Աբրահամյանը նշեց, որ նախ պետք էր հասկանալ՝ արդյոք ՀՀ-ում անշարժ գույքի շուկա կա՞, ու բերեց մի քանի խոսուն օրինակ, որոնցից պարզ է դառնում, որ, ըստ էության, Հայաստանում ընդգրկուն առումով անշարժ գույքի շուկա չկա։ Հետևաբար, որքանո՞վ է այս դրույթը արդարացված ու արդյոք պետք չէ՞ր այս գնահատման կարգում կիրառել ուղղիչ գործակիցներ։

Մյուս հիմնախնդիրը կապված է բնակչության իրական եկամուտների մակարդակի հետ։ Մինչ հարցին անդրադառնալը, Աբրահամյանը ընդգծեց, որ սխալ քաղաքականության պատճառով շուրջ 20 տարի գույքահարկին վերաբերող օրենքը չի փոխվել, բայց դա չի նշանակում, որ պետք է այսպես կտրուկ փոխվեր։ Աբրահամյանը նշեց, որ մի շարք զարգացած երկրներում այս հարկատեսակը կիրառվում է այսպես․ այն չպիտի գերազանցի բնակչության միջին եկամուտների զամբյուղի 3-5%-ը։ Մեր պարագայում վտանգ կա, որ այն որոշ դեպքերում կարող է հասնել 7-8%-ի, ինչն, ուղղակի, անթույլատրելի է։

Վերջին հիմնախնդիրը կապված է հենց Հարկային օրենսգրքի հետ, որտեղ 228-րդ հոդվածը սահմանում է, որ գույքահարկի հարկման բազայում փոփոխությունները պետք է կայուն լինեն յուրաքանչյուր երեք տարվա համար։ Սրա նպատակն է, որ քաղաքացու համար հարկի հաշվարկումն ու վճարումը լինի կանխատեսելի և պլանավորված։ Իսկ այն, որ նոր փոփոխությամբ վեց  տարվա ընթացքում քաղաքացու հարկային բեռն ավելանալու է, արդեն իսկ հակասում է Հարկային օրենսգրքի վերոնշյալ հոդվածին։

 

  • Նախագծում տեղ չգտած կարգավորումներին

 

Սամվել Աբրահամյանի խոսքով անշարժ գույքի հարկի դրույքահարցերի որոշման հարցը պետք էր փոխանցել համայնքներին․ այս պարագայում հարկումը կլիներ շատ ավելի արդար և արդյունավետ։

 Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել կազմակերպության Ֆեյսբուքի էջում՝ https://www.facebook.com/PoliticalDialogueNGO/videos/269743224300307/։