Կրթական բարեփոխումների շուրջ առաջարկություններ
09/04/2019 12:18
«Կրթական բարեփոխումները որպես տնտեսական հեղափոխության շարժիչ գործոն»
հանդիպման արձանագրություն
23 մարտի, 2019
Կարևորելով կրթական ոլորտում բարեփոխումների իրականացումը` ստորև ներկայացնում ենք «Քաղաքական երկխոսություն» նախաձեռնության կողմից կազմակերպված «Կրթական բարեփոխումները որպես տնտեսական հեղափոխության շարժիչ գործոն» խորագրով քննարկման ընթացքում հնչեցված դիտարկումները և առաջարկությունները, որոնք խմբավորված են ըստ բաժինների։
ԿԳ նախարարության նոր մոտոցումները, որոնք ընկած են կրթության զարգացման ռազմավարության մշակման հիմքում՝
- Նախարարությունը այս պահին աշխատում է նոր ռազմավարության վրա և իր առաջ խնդիր է դրել համապարփակ անդրադարձ կատարել կրթության և գիտության միջև կապին։ Կրթական ռազմավարությունը սովորաբար մշակվում է 5 տարվա համար, սակայն եթե հետ նայենք, կտեսենենք, որ նախորդ տարիներին միշտ չէ, որ նախարարությունը ունեցել է ռազմավարություն և առաջնորդվել դրանով։
- Նախարարությունը չի շտապում իրականացնել ռեֆորմներ արագացված տեմպերով, քանի որ դրանում մեծ ռիսկեր կան։ Կարճ ժամանակում շոշափելի և տեսանելի դարձած ռեֆորմները կարող են վտանգավոր լինել, քանի որ, որպես կանոն, դրանք պատշաճ պլանավորված և հետազոտված չեն։ Նախարարությունը այս պահին պլանավորման փուլում է։
- Փոխվել են նախարարության կողմից դոնորների հետ աշխատանքի մոտեցումները և սկզբունքները․ եթե նախկինում դոներները թելադրում էին իրենց օրակարգը և տալիս դրա համար նախատեսված դրամաշնորհ, այժմ նախարարությունը ինքն է սահմանում իր օրակարգը և դրանից ելնելով՝ ներգավում դրամաշնորհային միջոցները։
- ՀՀ կառավարության մոտեցման համաձայն՝ ինչպես ԿԳՆ, այնպես էլ այլ գերատեսչություններ առանձին չեն գործում․ խնդիրները դիտարկվում են մեկ ամբողջական համարգում, և ցուցաբերվում է բազմակողմանի մոտեցում։ Օրինակ՝ ներառական կրթություն ապահովելու համար ԿԳՆ-ն համագործակցում է Աշխատանքի և սոցիալկական հարցերի նախարարության հետ և տարբեր խնդիրներին միասնական մոտեցում ցուցաբերում:
Ընդհանուր դիտարկումներ
- Նման համապարփակ քննարկումները, որոնց ընթացքում նույն ոլորտի մասին տարբեր շահագրգիռ կողմեր ներկայացնում են խնդիրները տարբեր տեսանկյուններից, պետք է ավելի հաճախ լինեն, որպեսզի զարգացումը և քայլերի հաջորդականությունը պարզ և համապարփակ լինի:
- Կրթությունը իրավունք է․ կրթվել նշանակում է իրացնել իրավունք, այն չի ենթադրում պետությանը հետագայում ծառայելու պարտավորվածություն։ Պետությունը պարտավոր է ապահովել քաղաքացիների կրթության իրավունքի իրացման համար անհրաժեշտ պայմանները։
- Կրթական բարեփոխումներով հնարավոր է հասնել տնտեսական հրաշքի. «հեղափոխություն» տերմինը ոչ միանշանակ է:
- Ժամանակը մարդու ամենաթանկ ռեսուրսն է: Այն ծախսելով կրթություն ստանալու գործընթացում՝ մարդը իր կողմից ամենամեծ ներդրումն է անում։ Պետք է դա գիտակցել և ամենայն պատասխանատվությամբ մոտենալ հարցին։
- Հանրակրթությունը հիմնականում իրականացնում է ֆորմալ կրթություն, սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ոչ ֆորմալ կրթությանը, կարևորել դրա դերը։
- Հաշվի առնելով հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելու կաևորությունը՝ պետք է կրթական ոլորտում հստակ քայլեր իրականացվեն այս ուղղությամբ։ Մասնավորապես՝ կրթությանը հատկացված բյուջեն կազմելիս պետք է հաշվի առնել՝ արդյոք եղած գումարները ուղղվում են նաև խաղաղության հաստատմանը նպաստող քայլերին։
- Հաճախ խորհրդային կրթական համակարգը ներկայացվում է բացասական քողի ներքո, սակայն դա միանշանակ չէ։ Անհրաժեշտ է պահպանել խորհդային կրթական համակարգից ժառանգություն ստացած դրական բաղադրիչները և դրանք համապատասխանեցնել ժամանակակից կրության պահանջներին։
- Ազգային ժողովը մի կողմից հանդես է գալիս որպես կառավարությանը (հետևաբար նաև ԿԳՆ-ին) վերահսկող մարմին, մյուս կողմից այն հանդիսանում է հաշվետու մարմին քաղաքացիների առաջ։ Այսպիսով՝ կարևոր է գիտակցել, որ հասարակությունը ոչ միայն հենարան է ԱԺ-ի համար, այլ նաև վերահսկող մարմին։
Նախադպրոցական կրթություն
- Պետական նախակրթարանների մասնավորեցման գործընթացները մտահոգիչ են և անթույլատրելի պետք է լինեն։
- Նախադպրոցական կրթույթյունը շարժվում է էլիտարացման ճանապարհով։
- Կրթական համակարգում ամենախնդրային ոլորտներից մեկը նախադպրոցական կրթությունն է։ Իրականում այստեղ է պետք ուղղել ֆինանսների զգալի մաս, քանի որ մարդու ձևավորման գործում չափազանց մեծ բաժին այս ոլորտը ունի։ Մանկապարտեզները վերածվել են «պահման խցերի», պետք է վերաիմաստավորել դրանց դերը։
Հանրակրթություն
Ուսուցիչներ
- 21-րդ դարի աշակերտին անհրաժեշտ է 21-րդ դարի ուսուցիչ։
- Ուսուցչի կերպարը հասարակությունում բացասական ընկալումներ ունի, քանի որ հաճախ հենց ուսուցիչներն են թիրախավորվում որպես հիմանական մեղավորներ կրթական համակարգում առկա խնդիրներում։
- Նախարարությունը պլանավորում է ստեղծել ուսուցչի պետական ստանդարտ, որում մանրամասն նշված կլինի ուսուցչի կայացման ամբողջական ցիկլը։ Մոտեցումը հետևյալն է. բուհը պետք է պատրաստի ոչ թե պատմության ուսուցիչ, այլ պատմաբան, ով հետագայում կվերապատրաստվի և կորակավորվի որպես ուսուցիչ/մանկավարժ։
- Շատ կարևոր է, որ ոչ միայն ուսուցիչները հնարավորություն ունենան գնահատել աշարտներին, այլ նաև աշակերտները հնարավորություն ունենան գնահատել ուսուցիչներին։
- Ուսուցիչների հոգեկան վիճակին ուշադրություն պետք է դարձնել, քանի որ այն անմիջական ազդեցություն ունի վերջինիս՝ դասարանում աշակերտների հետ շփման վրա:
Աշակերտներ
- Աշակերտների շրջանում առկա է կրթական համակարգում տեղի ունեցող գործընթացների հանդեպ անտարբերության զգացում։ Նրանք պետք է մաս լինեն իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացին։
- Համակարգային խնդիրների պատճառով ուսումնառության շրջանում աշակերտների մեջ կուտակվում է բացասական էներգիա դպրոցի և կրթական համակարգի նկատմամբ, և այդ բացասական էներգիան ի վերջո կարող է փոախկերպվել պետական համակարգի նկատմամբ բացասական վերաբերմունքի:
- Դպրոցներում պետք է մշակվեն պարտադիր մեխանիզմներ, որպեսզի աշակերտների սոցիալական անհավասարության դրսևորումները և դրանց երևելիությունը նվազագույնի հասցվի։
- Դպրոցներում անհրաժետ է զարգացնել աշակերտների հմտությունները բյուջե կառավարելու և ռիսկերը գնահատելու հարցում, քանի որ մարդկանց սոցիալական ծանր վիճակը նաև տնտեսական թույլ գրագիտության արդյունք կարող է լինել։
Բարձրագույն կրթություն
- Միջին մասնագիտական կրթության, ինչպես նաև բարձրագույն կրթության տեսանկյունից կարևոր է կրթական համակարգ-գործատու կապը էլ ավելի ամրապնդել։
- Հայաստանում դժվար թե բուհական «տուրիզմ» զարգանա, բայց արհեստներ սովորեցնելու համար կարող է դառնալ լայն տարածաշրջանի կենտրոն։
- Բուհերում անվճար սովորած ուսանողների և պետության միջև կապը առկա չէ։ Պետությունը չի փորձում վերադարձնել իր ներդրած ռեսուրսները։
- Համալսարաններում առկա է վախի մթնոլորտ, որոնք արտահայտվում են տարբեր գործընթացներով՝ հեռացումներ, տարբեր աշխատակիցների հրաժարականներ և այլն։
- Մանկավարժական համալսարանի ուսանողները մոտիվացված չեն համալսարանը ավարտելուց հետո անցնել մանկավարժական, ուսուցչական աշխատանքի։ Հաճախ կա ուսանողների մասնագիտացման և հետագա աշխատանքի միջև սուր խզում:
- Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է բուհերի մասսայականացման միտում։ Անհրաժեշտ է, որ բուհերը կրթական գործընթացի նոր մոտեցումներ մշակեն և անհրաժեշտ փոփոխություններ իրականացնեն։
- Բարձրագույն կրթութական համակարգը քաղաքապես զավթված է եղել և քաղաքական համընդհանուր վերահսկման է ենթարկվել, հատկապես՝ բուհերի կառավարման խորհուրդներում և որակի արտաքին ապահովման կառույցներում: Անտեսվել է նաև շահերի բախման, ակադեմիական ազատությունների և բարեվարքության խախտման խնդիրները: Նոր իրավիճակում ստեղծվել է հնարավորություններ արմատապես փոխելու համակարգը և բարելավելու որակը: Սա պետք է անել թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ գործողությունների հեռանկարում օրենսդրական կարգավորումների և ներբուհական արդունավետ մեխանիզմների և քաղաքականությունների մշակման միջոցով: Փոփոխությունները պետք է կատարվեն որակի ապահովման և բուհերի ղեկավարման/ կառավարման ոլորտներում՝ ապահովելու բուհական ինքնավարությունը, որակի բարելավումը և բարեվարքության ամրապնդումը, որակի արտաքին և ներքին ապահովման արդյունավետ և իրական մեխանիզմների մշակումն ու կիրառումը:
*Այս փաստաթղթում տեղ գտած կարծիքները և առաջարկությունները արտահայտված են տարբեր անհատների կողմից և պարտադիր չէ, որ հանդիպման բոլոր մասնակիցները, ինչպես նաև «Քաղաքական երկխոսություն» նախաձեռնությունը կիսեն դրանցից յուրաքանչյուրը։