Կարևորի մասին․ ՀՀ ոստիկանության բարեփոխումներ

25/06/2020 13:01

Քաղաքական երկխոսությունը մեկնարկել է «Կարևորի մասին» խորագրով LIVE քննարկումների շարք։ 

 Հունիսի 24-ին կազմակերպության Ֆեյսբուքի էջում տեղի ունեցավ քննարկում՝ «ՀՀ ոստիկանության բարեփոխումներ» թեմայով։

 Զրույցի մասնակիցներն էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և Քաղաքական երկխոսություն կազմակերպության համահիմնադիր Արամայիս Ավետիսյանը։

 Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ հետևյալին․

 

  • ՀՀ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների պլանի անհրաժեշտությանն ու հիմնավորումներին

Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ այս ռազմավարության անհրաժեշտությունը տարիներ ի վեր շարունակվող անհրաժեշտություն է եղել, ու դրանից խոսել են և՛ իրավապահները, և՛ իրավապաշտպաններն ու ոստիկանության ներկայացուցիչները։ Ըստ նախարարի տեղակալի, ներկայիս կառավարության համար սա առաջնահերթ բարեփոխումների ուղղություն է և, իզուր չէ, որ նոր Կառավարությունը, ի սկզբանե, խուսափում էր տվյալ փաստաթուղթը շրջանառել, փոխարենը գնաց խորը ուսումնասիրությունների ճանապարհով։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով ներկայիս բարեփոխումների պլանը էականորեն տարբերվում է նախորդներից, այլ հարց է՝ այդ բարեփոխումների իրականացման տեմպն ու ժամանակահատվածը։ Ըստ Սաքունցի, այստեղ գործ ունենք Հեղափոխության արդյունքում փոխված իրավիճակում քաղաքացիների ակնկալիքների հետ։

  • Ոստիկանի նոր կերպարի կերտմանն ու դրանից բխող մեխանիզմների ներդրմանը

 

Քաղաքական երկխոսություն կազմակերպության համահիմնադիր Արամայիս Ավետիսյանը նշեց, որ մինչ Հեղափոխությունը մենք ունեցել ենք երկու բարիկադ՝ մեկ կողմում եղել է օրվա իշխանությունն ու ոստիկանությունը, մյուսում՝ հասարակությունը։ Այս ամբողջ ընթացքում հասարակությունը տեսել է, թե ինչպես է ոստիկանությունը ոտնձգություններ թույլ տալիս հանրային անվտանգության դեմ։ Ուստի, պետք է ստեղծել այնպիսի երաշխիքներ, որ ոստիկանությունը այլևս երբեք ՀՀ-ում չի մասնակցելու, օրինակ,  ընտրությունների կեղծմանը։ Ինչ վերաբերվում է ոստիկանի կերպարին, ապա վերոնշյալից ելնելով, հասարակության վերաբերմունքը ոստիկանի հանդեպ կփոխվի։

 

Քրիստիննե Գրիգորյանն էլ նշեց, որ  այն, որ այս կետը դարձել է ռազմավարության մի մաս, իզուր չէ, որովհետև բարեվարքությունն ու մարդկանց հետ հաղորդակցվելը շատ կարևոր է։ Ի վերջո, կապ ունի, թե ով է ոստիկանը, ինչ արժեքներ է կրում ու ինչ կրթական մակարդակ ունի նա։

 

Արթուր Սաքունցն անդրադառնալով հարցին՝  համաձայնեց, որ ռազմավարության հանդեպ հանրային վստահությունը բարձրացնելու խնդիր կա, ու նույնիսկ կես տարի սպասելը կարող է իր ազդեցությունն ունենալ գործընթացի վրա։

 

  • Ռազմավարության կադրային քաղաքականությանը

 

Արամայիս Ավետիսյանը նշեց, որ այս մասով ռազմավարությունում կարելի է հանդիպել որոշ բացերի․ ոլորտում բարձրաստիճան պաշտոնների առաջադրված անձինք չեն հանդիպում այն չափորոշիչներին, որոնք, սակայն առաջնային են։ Անհամապատասխան կադրերի ու արժեքներ կրող մարդկանց ընտրությունն ու առկայությունն է ոստիկանությունում, որը, ըստ Ավետիսյանի, քաղաքացիներին խանգարում է դրական նոտայով ընդունել այս բարեփոխումները։ Ռազմավարությունը ոչ մի կերպ չի անդրադառնում այս խնդրին։

 

  • Արտաքին ու ներքին հաղորդակցության խնդիրներին

 

Քրիստիննե Գրիգորյանը անդրադառնալով այս հարցին՝  նշեց, որ արտաքին հաղորդակցության առումով պրոակտիվության խնդիր կա, մանավանդ մանիպուլատիվ իրավիճակներում։ Խնդիրներ կան նաև ներքին հաղորդակցության ասպեկտում, որը հիմնականում պայմանավորված է ծառայողի տեղեկացվածության  պակասով, որն էլ բազմաբնույթ դժգոհությունների առիթ է դառնում։ 

 

Քննարկման ամբողջությամբ կարող եք հետևել այստեղ՝ https://www.facebook.com/PoliticalDialogueNGO/videos/726186241473731/UzpfSTEwMDAwMDY0NDExNTc0MTozMzU1MzQ4MzM0NDk2NjA0/