ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

22/06/2020 09:48

Կառավարությունը 2020թ․-ի ապրիլի 23-ին հաստատեց ՀՀ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ․ գործողությունների ծրագիրը։ Ռազմավարության առաջնահերթություններից է՝ պարեկային ոստիկանության և օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը:

Պարեկային ոստիկանության ստեղծման արդյունքում կրճատվելու են Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները:

Պարեկային ծառայողների տրանսպորտային միջոցների և պարեկային ծառայողների տեղաշարժը վերահսկվելու է GPS համակարգի միջոցով, իսկ բնակավայրերը՝ 2D ձևաչափի գեոտեղեկատվական համակարգով քարտեզի օգնությամբ (հետագայում 3D):

Երևան քաղաքը բաժանվելու է քառասուն հատվածների/տեղամասերի։ Յուրաքանչյուր տեղամաս սպասարկելու է պարեկային ծառայության մի էկիպաժ։ Հետագայում՝ ծառայության զարգացումից հետո, պլանավորվում է, որ յուրաքանչյուր տեղամաս կսպասարկի երկու ավտոպարեկային կարգախումբ։

Սահմանային վերահսկողությունը ներառվելու է պարեկային ծառայության գործառույթների կազմում:

Օպերատիվ կառավարման կենտրոնը հանդիսանալու է իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունող միասնական օպերատոր, որն այդ հաղորդումների բնույթի վերլուծության հիման վրա ապահովելու է պարեկային ոստիկանության ուժերի և միջոցների կառավարումը: Կենտրոնն ունենալու է տեղեկատվական վերլուծության հնարավորություններ, ինչպես նաև փրկարար ծառայության (911) և շտապ օգնության (1-03) օպերատիվ կենտրոնների մշտական հենակետեր: Կենտրոնին հասանելի են լինելու հասարակական վայրերում տեղադրված բոլոր տեսանկարահանող սարքերը, ոստիկանության և այլ մարմինների տեղեկատվական այն շտեմարանները, որոնք անհրաժեշտ են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջացառումներ իրականացնելու համար:

Միջնաժամկետ կտրվածքով ռազմավարությունը քննարկման առարկա է սահմանում նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ ոստիկանության օպերատիվ կենտրոնի միավորման հարցը՝ ընդգրկելով ամբողջ պետության տարածքը: