Դասընթացի III շրջափուլ
10/08/2023 16:23
Օգոստոսի 4-6-ը Երևանում տեղի ունեցավ «Ժողովրդավարությունն սկսվում է երկխոսությունից» եռօրյա դասընթացի երրորդ շրջափուլը, որը համախմբեց 16-ից 22 տարեկան 18 մարզաբնակ երիտասարդների: Երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին և զարգացնելու դրամաշնորհային ծրագրեր գրելու հմտությունները:
Ծրագիրը մեկնարկեց տեղական իշխանությունների դերերի և գործառույթների ուսումնասիրությամբ: Մասնակիցները ձեռք բերեցին պատկերացումներ իրենց համայնքների կառուցվածքի վերաբերյալ և ուսումնասիրեցին քաղաքականության մշակման գործընթացը:
Երեկոն շարունակվեց պետական գործիչների հետ ընթրիքի սեղանի շուրջ, որտեղ երիտասարդները հնարավորություն ունեցան հայտնելու իրենց մտահոգությունները, քննարկելու իրենց հետաքրքրող հարցերն ու հաստատելու կապեր` հետագայում համագործակցության շարունակականությունն ապահովելու համար:
Երկրորդ օրը երիտասարդները ծանոթացան դրամաշնորհային ծրագրեր գրելու հմտություններին, ինչպես նաև գործնականում կիրառեցին իրենց ձեռք բերած գիտելիքները՝ կազմելով համայնքային խնդիրների շուրջ իրենց ծրագրերի նախնական տարբերակները:
Վերջին՝ երրորդ օրը, մասնակիցները, խմբերի բաժանվելով, ներկայացրին իրենց նախագծերը, դրանց իրականացման նախնական ձևաչափն ու բյուջեն՝ նպատակ ունենալով հետագայում ամբողջացնելու գաղափարն ու ներկայացնելու դրամաշնորհի համար անհրաժեշտ հայտը: