«Կյանքը Կորոնավիրուսից հետո. Հանրակրթություն»
03/06/2020 08:50
Հունիսի 2-ին Քաղաքական երկխոսության Ֆեյսբուքի էջում տեղի ունեցավ LIVE քննարկում, որի շրջանակում քննարկվեցին համավարակով պայմանավորված իրավիճակում հեռավար ուսուցմանը առնչվող տարաբնույթ հարցեր։
Քննարկման բանախոսն էր Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը։
Քննարկման ընթացքում մասնավորապես անդրադարձ եղավ․
- դպրոցների՝ հեռավար ուսուցման կտրուկ անցմանն ու դրանից բխող հետևանքներին
- մանկավարժների մասնագիտական, իսկ աշակերտների հոգեբանական պատրաստվածությանը
- օնլայն պլատֆորմների արդյունավետությանը հեռավար ուսուցման կազմակերպման ընթացքում և նոր գործիքների ներդրմանը
- ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործունեությանը՝ համավարակով պայմանավորված իրավիճակում
Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը զրույցի ընթացքում նշեց, որ սա լավ առիթ էր, որ ի հայտ գային կրթական համակարգում առկա խնդիրները, ու մարդիկ սկսեին խոսել դրանց մասին՝ սկսելով փնտրել նաև լուծումներ։
Բացի խնդիրներից, ըստ բանախոսի, այս ձևաչափը իր հետ բերեց նաև դրական երևույթներ ու մշակույթ, որը հավասարապես օգտակար եղավ և՛ մանկավարժների, և՛ աշակերտների համար․ խոսքը մասնակցային մշակույթի, համատեղ որոշումներ կայացնելու և քննադատական մտածողության մասին է։
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև մարզերում տիրող իրավիճակին։
Վահրամ Սողոմոնյանը նշեց, որ բազմաթիվ մարզերում այս ամիսների երեխաները զբաղվել են դաշտային աշխատանքով՝ չմասնակցելով հեռավար ուսուցմանը։ Ըստ նրա՝ սա կազմակերպչական հարց էր և գտնվում է համապատասխան գերատեսչության դաշտում։
Քննարկման հյուրի կարծիքով, համավարակի պատճառով ամբողջ աշխարհում աճում է անհավասարության բաղադրիչը, և այստեղ պետք է ակտիվ քննարկումներ ծավալվեն թե, հատկապես, մարզերում ինչպե՞ս են բարելավվելու երեխաների կրթական պայմանները, որոնք էլ ավելի են հետ ընկնելու երևանյան դպրոցներում սովորող երեխաներից։