«Կյանքը Կորոնավիրուսից հետո.Մանիպուլյացիաներ»

25/05/2020 10:36


Քաղաքական երկխոսության Ֆեյսբուքի էջում շարունակվում են LIVE քննարկումները, որոնց նպատակն է քաղաքացիներին տրամադրել համապարփակ տեղեկատվություն տարբեր մտահոգիչ հարցերի շուրջ։

Այս անգամ ՀՀ Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի https://media.am/ կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի և ԱԺ պատգամավոր, նախկին լրագրող Արթուր Հովհաննիսյանի հետ քննարկվեց մեդիամանիպուլյացիաների թեման․ մեդիամանիպուլյացիաները ցանկացած ճգնաժամային իրավիճակում կարող են մոլորեցնել օգտատերերին ու ակամայից վերջիններիս դարձնել ապատեղեկատվության կրող և տարածող։

Քննարկման ընթացքում հյուրերը խոսեցին այս շրջանում ամենից շատ հանդիպող մեդիամանիպուլյացիաներից, կեղծ լուրերից ու դրանց դեմ պայքարելու մեխանիզմներից։

Մասնավորապես, ՀՀ Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ համավարակի ընթացքում մեդիադաշտը ողողած ամենից շատ տարածում գտած մեդիամանիպուլյացիաներն են, թերևս, համավարակը ժխտող լուրերն ու կեղծ օգտահաշիվները, որոնք գրում են, որ մահացածների հարազատներին Կառավարությունը գումար է տալիս, որ որպես մահվան պատճառ գրեն՝ «Կորոնավիրուս»։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը ևս մեկ անգամ ժխտեց այդ լուրերը՝ նշելով, որ նախարարության տեղեկատվական բաժինը բազմիցս անդրադարձել է դրանց ու հերքել։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի www.media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյաննն էլ խոսեց «Ինֆոդեմիա» երևույթի մասին՝ նշելով, որ Հայաստանը միակը չէ, որը տառապում է կեղծ լուրերի համաճարակով։ Ըստ Գեղամ Վարդանյանի, եթե տեղեկատվությունը աղճատված է հասնում հանրությանը, ուրեմն նախարարությունը պետք է ավելի շատ աշխատի ու լինի ավելի պրոակտիվ։ Նա հավելեց նաև, որ այստեղ մեծ դեր ունի նաև Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն։ «Ինֆոդեմիային» հակազդելու համար պետք է ունենալ ճիշտ փաթեթավորված ճշմարտությունը կամ հակազդող լուրը։

ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը անդրադարձավ Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի փոփոխություններին, որի ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են ընթանում և կա նախանշված փաստաթուղթ, որը քննարկվում է թիմում և շուտով քննարկման կդրվի նաև հանրային տիրույթում։

Արթուր Հովհաննիսյանը նկատեց, որ փոխարենը հասարակությունը համախմբվի հանրային առողջության շուրջ՝ տրվում է մանիպուլյացիաների, որոնք երբեմն ունեն նաև քաղաքական ենթատեքստ։ Պատգամավորը կոչ արեց մի կողմ թողնել այդ ամենը ու միասին պայքարել համավարակի դեմ՝ հետևելով միմիայն պաշտոնական տեղեկատվությանը։

Քննարկման ընթացքում խոսվեց նաև ստեղծված իրավիճակում լրագրողների և գերատեսչությունների ճիշտ ու արդյունավետ համագործակցությունից։

Գեղամ Վարդանյանը նշեց, որ եթե Կառավարությունը, քաղաքական ուժը չի ուզում պարտվել տեղեկատվական պատերազմում, ապա պետք է աշխատի 24 ժամ։

Քննարկումը ամբողջությամբ կարող եք դիտել Քաղաքական երկխոսության ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/PoliticalDialogueNGO/videos/682358845660574/UzpfSTEwMDAwMDY0NDExNTc0MTozMjY0OTExOTQ2ODczNTc3/