ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ

26/01/2022 17:04

«Հայ Ազգային Կոնգրես»

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի տեքստերի վերլուծության արդյունքները.

Պոպուլիզմը Հայաստանում» հետազոտությունը իրականացվել է «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ի  և անկախ քաղաքական վերլուծաբան և քաղաքագետ էդգար Վարդանյանի կողմից:

Լևոն Զուրաբյանի տեքստերում թեև չի նկատվել երևույթները «սև-սպիտակ», «չար-բարի» հռետորաբանության շրջանակներում քննելու միտում, սակայն տարբեր թեմաներով նրա տեքստերի մեծ մասում հստակ երևում է նրա կողմից որպես միանշանակ չարիք դիտարկվող նախկին իշխանություններին և նրանց հետ կապված գործիչ-ների հասցեին ուղղված սուր և էմոցիոնալ քննադատությունը: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Զուրաբյանի կոշտ և երբեմն ծայրահեղ էմոցիոնալ արտահայտություններ պարունակող քննադատության թիրախում է հայտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Թալանչիներ, ռոբասերժական ավազակներ»: «Քաղաքական հարցերում նա սովորական ստախոս է»: (Վիտալի Բալասանյանի մասին) «Պիցցա ուտողներ»: (Ռ. Քոչարյանի աջակիցների մասին) «Փաստորեն, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԳԻՏԻ ղարաբաղյան դիվանագիտական գործընթացին վերաբերող ամենակարևոր փաստը (կամ դիտավորյալ կեղծում է իրականությունը՝ ցինիկաբար փորձելով թաքցնել ճշմարտությունը մեր հանրությունից)»: «Մենք գործ ունենք միջազգային քաղաքականության հարցերում մի տգետի հետ, որը չի հասկանում տարրական բաներ։ Կամ էլ՝ մենք գործ ունենք մի մանիպուլյատորի հետ, որը ինքնարդարացման խղճուկ նպատակով փորձում է թաքցնել ճշմարտությունը սեփական ժողովրդից։ Երկու տարբերակն էլ մեր ազգին որևէ լավ բան չեն խոստանում»: Լևոն Զուրաբյանի տեքստերում երբեմն նկատվում է այն գաղափարը, որ ժողովուրդը միասնական կամք ունեցող միավոր է: Նրա խոսքում առկա է նաև «ժողովուրդ ընդդեմ էլիտայի» նարատիվը: «Այն, ինչ ունենք, ժամանակավոր զինադադար է ժողովրդի և կառավարող վերնախավի միջև»:

«Ժողովուրդը ըմբոստացավ նման համակարգի դեմ»: «Եթե դատավորը գոնե մի քիչ անաչառ է, ես բացառում եմ, որ նա կարողանա թքել ժողովրդի երեսին, արդարադատության երեսին և կայացնի որոշում»: Լևոն Զուրաբյանի տեքստերում երբեմն նկատվում է հայ ժողովրդին դրական որակներ վերագրելու, նրա որոշակի գործողություններով հպարտանալու և սեփական քաղաքական ուժը որպես ժողովրդական ուժ և այդ գործողություններում մեծ ավանդ ունեցող սուբյեկտ ընդգծելու միտումը. «Հայ ազգային կոնգրես կուսակցությունը իրականում միշտ էլ եղել է ավելին, քան կուսակցություն. այն եղել է ու կմնա հայ ժողովրդի ԶԱՐԹՈՆՔԻ շարժում, ազգային ոգու և համամարդկային արժեքների հաղթական շաղախի պահապան և կրող»: «Ազգային զարթոնքն էր, որը հզոր հայրենասիրական լիցք և եռանդ տվեց մեր ժողովրդին»: «Հնարավորինս հեռու մնան կոնվենցիան հայ հասարակությանը բաժանող կռվախնձոր դարձնելու և քաղաքական ճղճիմ խաղերում օգտագործելու փորձերից»: «...մեր ժողովրդի ազատատենչությանը»: «Ազգի ապրած վեհ և հերոսական էջերը գումարելով է կայանում հպարտ ժողովուրդը և պատմությունը, ոչ թե հանելով»:

Լևոն Զուրաբյանի տեքստերում երբեմն նշմարվում է այն միտքը, որ օտար ուժերի կողմից հակաժողովրդական օրակարգեր են ներմուծվում Հայաստան, որ կա որոշակի դավադրություն ժողովրդի դեմ, որ «չարը» պետք է չեզոքացվի, և որ «չարի» վերացման արդյունքում է հնարավոր միայն հիմնարար խնդիրների լուծումը: Միևնույն ժամանակ, նրա խոսքերի վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ դավադրություն ասելով՝ այստեղ պետք է հասկանալ ոչ թե ինչ-որ թաքնված, երբեմն միֆական շրջանակների ստվերային գործողություններ, այլ, օրինակ՝ մինչև թավշյա հեղափոխությունը իշխանություն ունեցած կոնկրետ մարդկանց, ըստ Զուրաբյանի՝ բնույթով հակասահմանադրական գործողությունների իրականացումը. «Սահմանադրության կարգը խախտվել է, Ս. Սարգսյանը և Բաբլոյանն էլ են մասնակցել լայն դավադրությանը՝ կատարելով քրեորեն պատժելի արարքներ՝ յուրացրել են իշխանությունը»:

«Քոչարյանը փորձում է իր գնած լրատվամիջոցների շնորհիվ ազդեցություն գործել՝ նպատակ ունենալով փորձել ապացուցել իր անմեղությունը»: «Եվ բոլոր նրանք, ում միակ գործը եղել է ոչ թե արդարադատության մատուցումը հանրությանը, այլ արդարադատության մատուցման շղարշի տակ մի քանի բանդիտի շահերի սպասարկումը, բոլոր մարդիկ պիտի հրաժարական տան, հեռացվեն ու պատժվեն»: Լևոն Զուրաբյանի տեքստերում ընդգծվում է քաղաքական խնդիրները խաղաղ, ոչ բռնի մեթոդներով լուծելու կարևորությունը: Մեծ նշանակություն է տրվում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, երկխոսությանն ու բազմակարծությանը. «Մենք ասում ենք՝ օրենք խախտել չի կարելի, Սահմանադրություն խախտել չի կարելի, ժողովրդի արյունը հեղել չի կարելի: Այ, սրանք են սահմանները, որոնք երաշխավորում են, որ քո երկիրը ճիշտ ուղղությամբ է գնում»: «Հետևաբար, իշխանության գլուխ որևէ քաղաքական ուժ չի կարող ծառայեցնել Սահմանադրությունը իր նեղ քաղաքական կամ անձնական նպատակներին՝ փոփոխելով սահմանադրական կառավարման մոդելը իշխանությունը երկարաձգելու կամ գերկենտրոնացնելու նպատակով»: «Միանգամայն ճիշտ էր սումգայիթյան ջարդերին պատասխանել բացառապես խաղաղ ցույցերի ծավալումով, ինչը զերծ պահեց Շարժումը բռնությամբ ճնշելու վտանգից»:

Հետազոտությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ 

https://political.am/storage/uploads/files/Online_Version_Populizm-in_Armenia_Final_9June21.pdf