ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍ. ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ

26/01/2022 13:12

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի տեքստերի վերլուծության արդյունքները.

«Պոպուլիզմը Հայաստանում» հետազոտությունը իրականացվել է «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ի  և անկախ քաղաքական վերլուծաբան և քաղաքագետ էդգար Վարդանյանի կողմից:

 

Թեև Էդմոն Մարուքյանի տեքստերում մեծ տեղ են զբաղեցնում կոնկրետ խնդիրների վերաբերյալ կոնկրետ առաջարկներ ներկայացնելու պրակտիկան, սակայն նրա տեքստերին, առնվազն որոշ չափով, բնորոշ են խնդիրները չափազանցելը, ընդդիմախոսներին ծաղրելը, իսկ կոնֆլիկտային իրավիճակներում՝ երբեմն նաև պիտակավորելը և վիրավորելը. «Դու ով ես, ա՛յ հոգնած. անբարոյականի՛ վաստակ»: «Իրար հետ գոնե քննարկեք, որ գոնե ձեր խոսքերը համընկնի իրար հետ»: «Դուք երկրում չունեք իշխանություն, ո՛նց եք ընտրություն կազմակերպում»: «Ապաշնորհ իշխանությունը այս ձևով ապականելու ա ամեն ինչ»: Էդմոն Մարուքյանի տեքստերում թեև նկատվել է մի հայտարարություն՝ «Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը որևէ կերպ չպետք է դառնա եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավ», որը կարելի է գնահատել որպես ենթադրյալ դավադրության մասին հաղորդում, այնուամենայնիվ, Մարուքյանի խոսքը, որպես կանոն, կառուցված չէ դավադրությունների տեսությունների փիլիսոփայության տիրույթում:

Էդմոն Մարուքյանի տեքստերում հանդիպել է այն գաղափարը, որ հայ ժողովրդին բնորոշ են պատմականորեն ձևավորված անփոփոխ որոշակի դրական արժեքներ, որոնք պետք է պահպանվեն: Նրա խոսքում երբեմն նկատվում է ժողովրդին որպես միասնական կամք ունեցող միավոր դիտարկելը. «Մենք մեր արժեքների, մեր 2000-ամյա եկեղեցու դեմ ենք գնում նման արարքներով, որը որևէ ձևով չի կարող արդարացվել»: «Ես կարծում եմ՝ ժողովուրդը էդ որոշումը կայացրել է դեռևս դեկտեմբերի 9-ին [2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը] և որոշել է, որ ընդդիմություն որպես ընտրել է մեզ։ Եթե այդպես չլիներ, կընտրեին ՀՀԿ-ին, հիմա Հանրապետականը կլիներ ընդդիմությունը, օրինակ` խորհրդարանում»:

Էդմոն Մարուքյանի տեքստերում ընդգծվում է տարատեսակ խնդիրները քննարկումների, բանակցությունների և, ընդհանուր առմամբ, բացառապես խաղաղ միջոցներով լուծելու գաղափարը: Նրա խոսքում կարևորվում են զսպումների և հակակշիռների մեխանիզմը, խորհրդարանական վերահսկողությունը, ժողովրդավարական ինստիտուտները. «Մարդիկ ասում են՝ լավ, հեղափոխություն է եղել, ինչի՞ է պետք ընդդիմություն։ Բայց ուզում եմ ձեզ բացատրել և տեղեկացնել հետևյալը՝ որ ընդդիմության գործը իշխանությանը հսկելն է և իշխանության գործունեությանը հետևողական դիտարկում իրականացնելը։ Օրինակ, պատկերացնենք՝ ինչ-որ սխալ է տեղի ունեցել, ի՞նչ եք կարծում, դրա մասին եթե լռում է իշխանությունը, ո՞վ պետք է խոսի, եթե ոչ մենք»: «Նախարարը որտեղ սխալ թույլ տվեց, հանկարծ ինչոր կոռուպցիոն սխեմայի մեջ մտավ, մենք պետք է դա բարձրաձայնենք և շատ սուր քննադատենք և ձեզ իրազեկենք»: «Մեզնից յուրաքանչյուրս պիտի աչալուրջ և հետևողական լինենք ապատեղեկատվության տարածման, մարդկանց անվանարկելու, վիրավորելու հարցում, պիտի կարողանանք հանրությանը մատակարարել իրական տեղեկատվություն: Այստեղ շատ կարևոր է լրագրողական կազմակերպությունների, իրական լրագրողների, խորհրդարանի դերը, որովհետև հնացած օրենսդրությունը ունակ չէ կարգավորել նոր մարտահրավերները»:

Հետազոտությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ 

https://political.am/storage/uploads/files/Online_Version_Populizm-in_Armenia_Final_9June21.pdf