«Կյանքը Կորոնավիրուսից հետո․ Հանրաքվե»
18/05/2020 14:08
Քաղաքական երկխոսության ֆեյսբուքյան էջով մայիսի 15-ին տեղի ունեցավ LIVE քննարկում, որի նպատակն էր հասկանալ հետաձգված հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակը ու դրա հանգուցալուծման իրավական և քաղաքական հեռանկարները։
Քննարկման հյուրերն էին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը և «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ- ի նախագահ Լուսինե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում 88 կողմ և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշում ընդունեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի:
Առնվազն մեկ տարի հանրաքվե չի կարող անցկացվել, մյուս կողմից էլ սահմանադրական ճգնաժամի լուծմանն այդքան սպասել չի կարելի, «Ազատության» հարցին ի պատասխան, մայիսի 16-ի առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի ճգնաժամը միջազգայնորեն ճանաչված խնդիր է համարում, ընդգծում է՝ այն չի կարող բարձիթողի մնալ։ Կառավարությունը քննարկում է ճգնաժամը որևէ ձևով խորհրդարանում լուծելու տարբերակը։
«Մենք մտածում էինք՝ էս տարի էս հանրաքվեն անենք, հետո խորհրդարանական ընտրությունների հետ՝ 2023 թվականին, կանենք էն մյուսը, բայց հիմա էս համաճարակի բերած փոփոխություններով էդ ժամանակացույցն էդքան էլ չի ստացվում: Հետևաբար, մենք հիմա Վենետիկի հանձնաժողով ենք դիմել, և, այո, քննարկվում է առնվազն Սահմանադրական դատարանի հարցը որևէ բանաձևով մասնակի կամ ամբողջական խորհրդարանում լուծելու հարցը», - ասաց վարչապետը:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց, որ սահմանադրական ճգնաժամի հանգուցալուծման հարցը կարող է տեղափոխվել խորհրդարան։ Այս պահին, սակայն, հանրաքվեից հրաժարվելու որոշում չկա:
Քննարկման հյուրերը ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու այս սցենարը գնահատեցին հավանական՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում սա կլինի լավագույն տարբերակը հարցը օր առաջ լուծելու համար։
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև Սահմանադրական դատարանի ճգնաժամի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցադրումներին։ «Ազատության» հարցին, թե խոսքը կոնկրետ ի՞նչ հարցադրումների մասին է, Ռուստամ Բադասյանն ասաց, թե առայժմ փակագծեր բացել չի կարող.- «Հարցերի բովանդակությունն ամբողջությամբ բացահայտելը դեռ վաղ է, բայց կարծում եմ` թեման բոլորի համար պարզ է` 213 հոդվածին է վերաբերում Սահմանադրության»:-նշեց նա։
Հիշեցնենք, որ սույն հոդվածը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարմանը։
Նշենք նաև, որ հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքը չէին ստացել։
Ըստ Լուսինե Հակոբյանի Վենետիկի հանձնաժողովին դիմելու անհրաժեշտության կարիքը չկար մի շարք պատճառներով, որոնցից մեկն օրինակ այն է, որ կառույցը ներկայիս կազմով ու դրա վրա ունեցած արտաքին ազդեցություններով ունակ չէ տալու անաչառ մասնագիտական կարծիք։ Լուսինե Հակոբյանի կարծիքով թե՛ հարցերը, թե՛ լուծումները պարզ են, պարզապես իշխանությունները պետք է ձեռնամուխ լինեն խնդրի լուծմանը։
ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հետ կապված իր կարծիքն է արտահայտել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ հայտարարելով, որ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել «այլընտրանքային ճանապարհով՝ առավել արագ և առանց հանրաքվեի»:
Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ կորոնավիրուսի համաճարակն արագ չի վերանալու, իսկ ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված հանրաքվեն չի կարող կայանալ, քանի դեռ համաճարակը չի վերացել։ Ուստի կառավարությունը փնտրում է խնդրի լուծման այլընտրանքային եղանակներ:
«Չենք կարող այսքան երկար սպասել և առաջ շարժվել բարեփոխումների և արդարության հաստատման մեր օրակարգով՝ առանց ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման։ Հետևաբար, ուզում եմ տեղեկացնել, որ, հաշվի առնելով, որ համաճարակը կարող է տևել բավականին երկար, մենք ուղիներ ենք փնտրում ՍԴ ճգնաժամը այլ ճանապարհով և ավելի արագ լուծելու ուղղությամբ», - նկատում է նա։
LIVE քննարկման ընթացքում հյուրերի հետ ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու այլ սցենարներ ևս քննարկվեցին․ մասնավորապես անդրադարձ եղավ հանրաքվեն հետաձգելու կամ չեղարկելու իրավական կարգավորումներին ու մեխանիզմներին։
Արման Բաբաջանյանը մանրամասնեց, որ արտակարգ դրության ավարտից հետո ԱԺ-ն անպայման կանդրադառնա այս հարցին ու ամենայն հավանականությամբ այն հետ կկանչի։ Սա էլ կլինի հենց իրավական լուծումը։
Քննարկման ավարտին հյուրերը միակարծիք էին, որ ՍԴ ճգնաժամը պետք է օր առաջ հանգուցալուծվի, որից հետո դատաիրավական համակարգում նույնպես պետք է կատարվեն զգալի բարեփոխումներ։
Քննարկումը ամբողջությամբ հասանելի է «Քաղաքական երկխոսություն» նախաձեռնության Ֆեյսբուքի պաշտոնական էջում ՝ https://www.facebook.com/PoliticalDialogueNGO/videos/695736390999143/ :