«Կյանքը Կորոնավիրուսից հետո․ Տուրիզմ»
12/05/2020 10:01
«Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպության ֆեյսբուքի պաշտոնական էջում մայիսի 8-ին տեղի ունեցավ LIVE քննարկում, որի շրջանակում անդրադարձ եղավ տուրիզմին առնչվող տարաբնույթ հարցերի։
Քննարկման հյուրերն էին տուրիզմի գծով էքսպերտ, «Նուշ» հյուրատան հիմնադիր Անի Հովհաննիսյանն ու զբոսավար, վլոգեր Ժոր Մարտիրոսյանը, իսկ քննարկումը վարում էր «Քաղաքական երկխոսություն» նախաձեռնության համահիմնադիր Ավնիկ Մելիքյանը։
Նախքան քննարկումը, նախաձեռնության Ֆեյսբուքի էջում օգտատերերը կարող էին գրել իրենց հուզող հարցերը։
Քննարկման ընթացքում, մասնավորապես, խոսվեց․
- Ոլորտը փրկելու համար մշակվող և ներդրվող մեխանիզմներից
Տուրիզմի գծով էքսպերտ Անի Հովհաննիսյանը նշեց, որ յուրաքանչյուր պետություն փորձում է գտնել որոշակի ելքեր, որոնք կարող են ինչ-որ չափով ոլորտը փրկել․ լավագույն միջոցը, թերևս, ներքին տուրիզմն է, որի ուղղությամբ պետք է սկսել ավելի ակտիվ աշխատել։ Անին նշեց, որ որքան էլ զբոսաշրջիկը ցանկանա ճանապարհորդել այլ երկիր, միևնույն է, չի կարող վստահ լինել, որ իրեն կընդունեն այնպես, ինչպես կընդունեին ճգնաժամից առաջ և դա, բնական է։ Բացի այդ կա վախի զգացում, որը դեռ երկար չի լքի մարդկանց, այստեղ կարող է շահել ներքին տուրիզմը։
- Նորից ճամփորդելու հավանական ժամանակահատվածից
Ըստ հյուրերի, ոլորտը ամբողջովին կարգավորվելու համար կպահանջվի ավելի քան մեկ տարի, իհարկե, մինչ այդ նորից հնարավոր կլինի ճանապարհորդել, սակայն ոչ բոլորը կգնան այդ «ռիսկին»։ Ժոր Մարտիրոսյանը նշեց, որ մինչև պատվաստանյութը չստեղծվի, ոչ բոլոր մարդիկ հոգեբանորեն պատրաստ կլինեն նորից օդանավ նստելու։ Նա հավելեց, որ Հայաստան եկող զբոսաշրջիկների 30 %-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, որոնք գտնվում են ռիսկային գոտում, ու դժվար թե վերջիններս որոշեն ճամփորդել։
- Ներքին տուրիզմը կարգավորող մեխանիզմների ներդրումից
Ներքին տուրիզմը խթանելու միակ ձևը ըստ Անի Հովհաննիսյանի՝ նոր գաղափարների ներդրումն է, հետաքրքիր միջոցառումների կազմակերպումը, մարդկանց համայնքային, գյուղական կյանքին ծանոթացնելը՝ իհարկե չմոռանալով սոցիալական հեռավորության ու պաշտպանիչ միջոցների մասին ևս։
- Ոլորտի աշխատողների օրակարգում տեղի ունեցած փոփոխություններից
Հյուրերը նշեցին, որ ստեղծված իրավիճակում իրենք, ինչպես և շատերը, նախևառաջ զինվել են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ հեղուկներով։ Իրենց օրակարգում սկսել են ավելի շատ լինել օնլայն ծառայություններ մատուցող հարթակներում, որոնք սահմանափակում են շփումը արտաքին աշխարհի հետ, ինչը ժամանակի պահանջն է։
- Իմունային անձնագրերի ներդրումից
Ըստ հյուրերի, նմանօրինակ անձնագրերի ներդրումը այնքան էլ իրատեսական չէ, քանի որ հնարավոր չէ ամեն անգամ վերահսկել մարդու իմունային համակարգը, փոխարենը յուրաքանչյուր ոք ավելի լավ է հետևի պաշտոնական տեղեկատվությանն ու սեփական առողջությանը։
Հիշեցնենք, որ «Քաղաքական երկխոսություն» նախաձեռնությունը հայտարարել էր, որ սկսում է «Կյանքը Կորոնավիրուսից հետո» խորագրով LIVE քննարկումների շարք ոլորտային մասնագետների հետ՝ փորձելով պատասխանել օգտատերերին հուզող հարցերին։