Ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ նախագիծ

11/05/2020 08:45

Ապրիլի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագիծը, որը քննարկման էր ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին կողմ է  քվեարկել  99 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 15-ը։

Ռ․ Բադասյանը նշել է, որ նախագիծը լրամշակվել է, մասնավորապես, փոփոխվել է գույքի շեմը՝ 25 մլն դրամ, իսկ ուսումնասիրության ենթակա է 1991թ․ սեպտեմբերի 21-ից հետո ձեռքբերված գույքը: 

Նախարարը նաև հայտնել է, որ գույքը ձեռք բերողի բարեխիղճ չլինելու հանգամանքն ապացուցելու բեռը կրում է պետությունը, ու եթե ապօրինի գույքը նախկին սեփականատերը փոխանցել է երրորդ անձի, ապա նոր սեփականատերը գույքը հետ չի վերադարձնելու:

Նախագիծը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:  


Ինչպե՞ս է գործում նախագիծը

Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը, նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:

Օրենքի այս նախագծով կարգավորվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները, սահմանվում են ուսումնասիրություն սկսելու հիմքերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու և ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված այլ հարաբերությունները:

 Ե՞րբ է ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա բռնագանձման

Ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը:

Ի դեպ

Այս նախագիծը քաղաքացիական հայց ներկայացնելու ինստիտուտ է, ոչ թե քրեաիրավական միջոց։ Այն թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը օրինական եկամտի աղբյուրներով չի հիմնավորվում: Միևնույն ժամանակ, նման գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է պատասխանող կողմը հերքել, եթե ունի գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցներ:

Հավելենք, որ Դատախազությունը չի կարող կամայականորեն հետաքրքրվել քաղաքացու եկամուտների և ունեցվածքի տարբերությամբ, դա կարող է տեղի ունենալ հիմնականում կոռուպցիոն գործերով պայմանավորված։