Բռնության հրապարակային կոչ և քարոզ
27/04/2020 20:44
Բռնության հրապարակային կոչ և քարոզ անողներին սպառնում է կալանք և ազատազրկում
2020թ․ ապրիլի 15-ին ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր բռնության հրապարկային կոչը և քարոզը քրեականացնել:
ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին կողմ է քվեարկել 97 պատգամավոր, 14-ը՝ դեմ, ձեռնպահներ չեն եղել։
Նշենք, որ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ Քրեական օրենսգրքում և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի նախագծերը ընդունել էր 2020թ․ մարտի 6-ին, որի ժամանակ նախագծին կողմ քվեարկեց 91 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 21:
Օրինագիծը վերաբերում է անձի կամ անձանց խմբի նկատմամբ անձնական կամ սոցիալական բնույթի հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերին, նման բռնությունը հրապարակային արդարացնելուն կամ քարոզելուն։
Ի՞նչ է բռնության կոչը
Բռնության կոչը անձի կամ անձանց խմբերի գիտակցության վրա ունեցած ազդեցությունն է, որը վերջիններիս կարող է մղել այլ անձանց նկատմամբ բռնություն կիրառելուն։
Ի՞նչ է բռնության քարոզը
Բռնության քարոզը անձի կամ անձանց խմբերի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված գաղափարների տարածումն է:
Ի դեպ
Հանցակազմի առկայության համար և՛ բռնության կոչը և՛ քարոզը պետք է լինեն հրապարակային, իսկ վարույթ իրականացնող մարմինը պետք է ուսումնասիրի, թե ինչպիսի՞ն է դրանց ազդեցության աստիճանը անձի կամ հանրության վրա, ստուգի իրական վտանգի առկայությունը և այլն։
Աշխարհն ու բռնության կոչերը
Ամբողջ աշխարհում բռնության կոչերն ու քարոզը կարգավորող չափանիշները տարբեր են, սակայն յուրաքանչյուր պետություն փորձում է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք նվազագույնի կհասցնեն նմանատիպ կոչերն ու դրանց ազդեցությունը։
Բռնության կոչերի ու ատելության խոսքի արդյունքում տեղի ունեցած ողբերգության ամենավառ օրինակներից է 1994 թ. թութսիների էթնիկ խմբերի ցեղասպանության հիմքերի նախապատրաստումն ու Ռուանդայի ռադիոալիքի՝ Thousand Hills Free Radio and Television, RTLMC-ի կողմից հնչող բռնության ուղղակի կոչերը, որի արդյունքում զոհվեց ավելի քան 800 հազար մարդ:
Ո՛չ բռնությանը