Սահմանադրական փոփոխություն
06/02/2020 12:40
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ սահմանադրության փոփոխության նախագիծ են ներկայացրել Ազգային ժողով։
Փոփոխություններ են նախատեսվում ՍԴ նախագահին և անդամներին վերաբերող դրույթներում։ Նախագծով առաջարկվում է սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ «մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:
Հարկ է նշել, որ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ դատավոր են ընտրվել միայն Վահե Գրիգորյանը և Արմեն Դիլանյանը։
Սա նշանակում է, որ նախագծի ընդունման դեպքում՝ դադարում են ոչ միայն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները, այլև մյուս ՍԴ անդամներինը ևս։
ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը և Արմեն Դիլանյանը կշարունակեն պաշտոնավերել։
Ըստ նախագծի՝ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը։
Ըստ սահմանադրության 202-րդ հոդվածի՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնավազն մեկ երրորդ ունի սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու իրավասություն, իսկ նախաձեռնված փոփոխությունների ընդունման համար պահանջվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը:
Հ․Գ․ Փետրվարի 6-ի ԱԺ արտահերթ նիստում Սահմանադրության փոփոխության նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը իր ելույթում հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը առաջին ընթերցմամբ կտապալի նախագծի ընդունումը և այն կներկայացվի համաժողովրդական հանրաքվեի: