Մեդիան hանուն ժողովրդավարության
14/01/2020 08:43
Մեդիան հանուն ժողովրդավարության
17 դեկտեմբեր 2019
արձանագրություններ
Հաշվի առնելով ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում մեդիայի առանցքային նշանակությունը՝ «Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը European Endowment for Democracy հիմնադրամի աջակցությամբ սույն թվականի դեկտեմբերի 17-ին կազմակել էր «Մեդիան հանուն ժողովրդավարության» խորագրով հանդիպում-քննարկում, որի նպատակն էր վեր հանել հայաստանյան մեդիա դաշտում առկա մարտահրավերները և քննարկել օրենսդրական փոփոխությունների և ինքնակարգավորման մեխանիզմների հեռանկարները:
Evnreport.com կայքի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանի խոսքով․ «Մարդիկ իրենց դիվանների վրա նստած ինչ ուզում գրում են ու ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվում: Ինչ վերաբերում է մեդիայի՝ օրակարգ ձեւավորելուն, այսօր ակնհայտ է՝ մեր երկրի վարչապետն է օրակարգ ձեւավորողը: Ես, որպես լրագրող, անընդհատ բողոքում եմ, որ հնարավորություն չեմ ունենում հարցերս տալ վարչապետին: Ասում են՝ բա, տիկին Մարի, մեր վարչապետը ելույթ է ունենում, ուղղակի ժողովրդի հետ է շփվում, վա՞տ է, ասում եմ, որպես մարդ շատ զգացված եմ այդ մարդկային վերաբերմունքից, բայց կուզեի տեսնել, որ վարչապետի մամուլի խոսնակը հաճախ հրավիրեր ասուլիսներ, որպեսզի ես իմ հարցն ուղղեմ ու պատասխան ստանամ: Նախկին լրագրող, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվական դաշտը գրավել է ու շատ դժվար է այս իրականության մեջ աշխատել: Ես շատ հիասթափված եմ տարբեր ԶԼՄ-ների վարքագծից հեղափոխությունից հետո»:
Լրատվադաշտի բևեռվածության մասին խոսելով ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը նշեց՝ այս իրավիճակը, երբ լրատվական դաշտը բեւեռացված է, ԶԼՄ-ների անվան տակ հանդես են գալիս անձինք, որոնք ընդհանրապես կապ չունեն ԶԼՄ կանոնների հետ, այստեղ պետական մեխանիզմների ստեղծումը բերում է մամուլի ազատության նկատմամբ ոտնձգության կասկածի: Դաշտում կան ԶԼՄ-ներ, որ կարող են ուսումնասիրել միջազգային փորձը: Մենք պետք է հասնենք այն բանին, որ ԶԼՄ-ները սկսեն հրապարակել իրենց իրական սեփականատերերին:
ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը անդրադառնալով ԶԼՄ-ներին դատի տալու պրակտիկային նշեց․ «Օրինակ, ես որդեգրել եմ մի սկզբունք, որ որեւէ դեպքում ԶԼՄ-ին դատի տալ չի կարելի: Դա հարձակում է խոսքի ազատության վրա»:
Անդրադառնալով Հանրային հեռուստատեսության նախկինում վարած և ներկայում վարվող քաղաքականությանը գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը ասաց․ «Բոլորս գիտենք, որ կրթության խնդիրը ՀՀ-ում ամենասուր խնդիրներից է ու ամենաշատ վերափոխումներ պահանջողը: Հանրային հեռուստաընկերությամբ քանի՞ հաղորդում կարող եք նշել, որը վերաբերվում է կրթության խնդիրներին: Կրթություն նոմինացիայի տակ կա երկու հաղորդում, մեկը՝ «Գերազանցիկը», որը պարզ չի ինչի մասին էլ, մյուսը կոչվում է «Ուսուցիչը»: «Ուսուցիչը» հաղորդաշարը, որը հեռուստաընկերության ղեկավարությունը համարում է իր բրենդային հաղորդումներից մեկը, պատմում է սովորական ուսուցիչների մասին: Ամեն անգամ էդ հաղորդումը նայելիս ես մի անեկդոտ եմ հիշում: Վանքում եկեղեցու ջահը գողանում են, քննիչ է գալիս եկեղեցի, որ հարցը քննի: Հոգեւորականները գալիս են, հերթով ներկայանում են՝ սուրբ Հակոբ, սուրբ Պետրոս…էս քննիչն ասում է՝ չհասկացա, էդ բոլորդ սուրբ եք, ջահը ո՞վ է գողացել: Հիմա էդ «Ուսուցիչը» հաղորդաշարը նայելուց հարց է առաջանում՝ եթե բոլոր ուսուցիչները ներկայանում են սրբապատկերներով, նրանք բոլորը սուրբ են, բա ինչի՞է էս կրթության վիճակն էսքան վատը Հայաստանում: Մենք պետք չի, որ ունենանք ակնկալիքներ, որ մեդիան կարող է օրակարգ ձեւավորի, բայց մեդիան պարտավոր է ապահովել միջավայր՝ օրակարգերի ձեւավորման համար: Մի բան, որ կարող էր անել Հանրային հեռուստաընկերությունը: Իր բովանդակությունը փոխելով՝ Հանրայինը պետք է առիթ տար ինքնակարգավորման մեխանիզմներին»:
Ըստ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝ հիմա մենք հիբրիդային պատերազմի մեջ ենք. «Եթե ժամանակին հիբրիդային պատերազմ ասելով՝ հիմնականում հասկանում էինք Ադրբեջանից եւ ընդհանրապես տեղեկատվական այդ հատվածից, պատերազմական իրավիճակից, հակամարտությունից ծնված տեղեկատվական գրոհը, խնդիրները, ապա այսօր մենք ունենք այլ հիբրիդային պատերազմ: Մեդիաները չեն դրանք որոշում, այլ՝ նրանց հետեւում կանգնած քաղաքական ուժերը եւ այն հսկայական ֆինանսական միջոցները, որոնք դրվում են այդ ամբողջն իրականացնելու համար»:
*Այս հրապարկման մեջ տեղ գտած կարծիքները և առաջարկությունները արտահայտված են տարբեր անհատների կողմից և պարտադիր չէ, որ հանդիպման բոլոր մասնակիցները, ինչպես նաև «Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը կիսեն դրանք։