Աշխատանքային իրավունքները Հայաստանում

02/08/2019 10:23

Աշխատանքային իրավունքների իրացում Հայաստանում

25․07․2019

Արձանագրություն


«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը, կարևորելով երկխոսությունը իշխանության տարբեր ճյուղերի և հասարակության միջև, կազմակերպել էր «Աշխատանքային իրավունքների իրացումը Հայաստանում» թեմայով աշխատանքային քննակրում։ Քննարկման ընթացքում ձևավորված աշխատանքային խմբերում մասնակիցները անդրադարձել են հետևյալ խնդիրներին՝

  •       Գործատուի և աշխատողի իրավահարաբերությունները. Աշխատողի անվտանգության ապահավումն և շահագործման կանխումը:
  •       Արհմիությունների դերը՝ աշխատողի իրավունքների և շահերի  պաշտպանության հարցում։
  •       Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։

Յուրաքանչյուր աշխատանքային խմբում կային ներկայացուցիչներ՝ գործադիր իշխանությունից (Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարություն և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին), օրենսդիր մարմնից (ԱԺ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ),  արտախորհրդարանական քաղաքական ուժերից, արհմիություններից և փորձագիտական համայնքից։ Աշխատանքային երեք խմբերում քննարկվեցին վերը նշված հարցերը, վերհանվեցին խնդիրներ և մասնակիցները տվեցին այդ խնդիրների լուծումների առաջարկություններ։

  •       Գործատուի և աշխատողի իրավահարաբերությունները. Աշխատողի անվտանգության ապահավումն և շահագործման կանխումը:

Խնդիրներ՝

-       ՀՀ աշխատաշուկայում չկա մրցակցություն գործատուների միջև․ աշխատողներնրը այնքան տեղեկացված ու գիտակից չեն, որ  հետևողական լինեն իրենց իրավունքների իրացման հարցում։

-       Գործատուները օգտվում են ստեղծված ոչ մրցակցային իրավիճակից և ոչ միայն պատշաճ վերաբերմունք չեն ցուցաբերում աշխատող նկատմամբ, այլ նաև որոշակի դեպքերում չեն կնքում աշխատանքային պայմանագրեր (չնայած որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 39-րդ հոդվածը սահմանում է գործատուի և աշխատողի իրավահավասարությունը)։

-       Իրավունքների խախտումների մեջ մեծ տեղ է կազմում աշխատողի հանգստի իրավունքի չիրացումը։

-       Որոշակի հակասություններ կան գործող ներքին օրենսդրական-իրավական փաստաթղթերի մեջ. Օրինակ՝ Արհեստակցական միության մասին ՀՀ օրենքում ասվում է, որ կոլետկիվ պայմանագրերի կնքումն ունի պարտադիր բնույթ, իսկ ահա ՀՀ աշխատանքային օրենսգրքում այն թողնված է գործատուի հայեցողությանը։

-       Գործադուլի իրավունքի սահմանափակում՝ մասնավորապես Աշխատանքային օրենսգրքում սահմանվում է, որ գործադուլը կոլեկտիվ աշխատանքային վեճի լուծման նպատակով աշխատանքի դադարեցումն է (այսինքն անհատական վեճերի կամ իրավախախտումների մասով գործադուլների հայտարարման մասին օրենսդրական բաց կա)։

-       Գործատուի որոշումների վրա ազդելու համապարփակ գործիքակազմի բացակայություն։

 

 

Առաջարկություններ

-       Ընդլայնել գործադուլի մասին օրենսդրական հատվածը և համապատասխանեցնել Սահմանադրության 58-րդ հոդվածի հետ, որտեղ նշվում է, որ աշխատողները իրավունք ունեն գործադուլ հայտարարելու։

-       Սահմանել ֆինանսական պատժի չափեր գործատուի համար և ամեն արձակուրդային իրավունք խախտելու դեպքում նրանից գանձել որոշակի գումար։ Ինչպես նաև խիստ վերահսկում սահմանել աշխատանքի վայրում բռնության նկատմամբ և քրեականացնել այն։

-       Պատժիչ և կանխարգելիչ մեխանիզմներ մշակելուց զատ, ստեղծել նաև խրախուսման ինստիտուտ, և մոնիթորինգի արդյունքում լավագույն գործատուների մասին հրապարակումներ անել։

-       Աշխատողների շրջանում աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար աշխատավայրերում կազմակերպել սեմինարներ, ինչպես նաև հեռուստատեսության և համացանցի միջոցով տարածել տեսանյութեր։

-       Ստեղծել աշխատանքային արբիտրաժ, որը կզբաղվի գործատու-աշխատող հարաբերություններում ծագած վեճերը քննելով։

 

Արհմիությունների դերը՝ աշխատողի իրավունքների և շահերի  պաշտպանության հարցում։

Խնդիրներ

-       Արհմիություններին անդամակցելու պարտադիր-կամավոր սկզբունքը չի բարձրացնում աշխատողների շրջանում նրանց նկատմամբ հետաքրքրվածությունը, օրինակ կրթական ոլորտում գործունեություն ծավալելիս աշխատողը մեխանիկորեն մտնում է արհմիության մեջ և նրա աշխատավարձից որոշակի գումար պահվում է որպես անդամավճար։

-       Որոշ աշխատավայրերում գործատուն ինքն է ստեղծում արհմիությունը (սերտաճած), որը կաշկանդում է աշխատողին իր խնդիրների բարձրացման առաջին օղակում արհմիություններին դիտարկելը։

-       Ներկայիս արհմիություններում նոր և բանիմաց կադրերի բացակայություն կա, ինչպես նաև առկա կադրերի թափանցիկ և հաշվետվողական գործունեության բաց։

-       Չնայած, որ արհմիությունների մասին ՀՀ օրենքում սահմանված է, որ վերջիններիս նպատակներից մեկը աշխատողների իրավունքների պաշտպանությունն է՝ դատարաններ դիմելիս նրանք չեն կարող բողոք ներկայացնել, քանի որ օրինակ վարչական դատարանը սահմանում է, որ դատավարությունը ծառայում է մարդու կամ քաղաքացու իրավունքների կամ անձնական շահերի պաշտպանությանը։

 

Առաջարկություններ

-       Օրենսդրությամբ (մասնավորապես Արհմիությունների մասին ՀՀ օրենքում) սահմանել նրանց թափանցիկ և հաշվետվողական գործունեության պահանջը։

-       Չկաշկանդել աշխատողներին ստեղծել անկախ արհմիություններ աշխատանքային վայրերում. այդպիսի հաջողված օրինակ է վերջերս ստեղծված Մատենադարանի արհմիությունը։

-       Արհմիությունների ներկայացուցիչները ներկայացված լինեն տարբեր աշխատանքային հաստատությունների խորհուրդներում կամ ներկայացուցչկան մարմիններում՝ հնարավորություն ստանալով բարձրացնել աշխատողների խնդիրները։

-       Հասարակության շրջանում բարձրացնել արհմիությունների մասին իրազեկվածությունը՝ կարևորելով վերջիններիս դերը աշխատողների իրավունքների պաշտպանության գործում։

-       Արհմիություններին տրամադրել լիազորություն, լծակներ և իրավական գործիքակազմ՝ իր անդամների կոլեկտիվ շահերը դատական կերպով ներկայանցելու և պաշտպանելու համար։

 

Աշխատանքային խումբ 3 - Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։

Խնդիրներ

-       Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կատարում է սահամանափակ գործառույթներ՝ վերահսկելով անչափահասների աշխատանքը և անվտանգ աշխատանքային միջավայրը։

-       Տեսչության գործառույթներից մեկը աշխատանքի անվտանգ պայմանների ստուգումն է, սակայն մինչև այժմ օրենսդրական և իրավական փաստաթղթերում սահմանված չէ «աշխատանքի անվտանգ պայման» հասկացությունը։

-       Չնայած երկու տեսչությունների միավորումը ուներ ֆինանսական միջոցները խնայելու և օպտիմալացման նպատակ, դրա արդյունքում աշխատանքի տեսչության գործառույթներից շատերը հանվեցին և ներկայումս չկա որևէ մարմին, որ կվերահսկի օրինակ աշխատավարձերի և աշխատաժամերի խախտումները։

-       Ծրագրային և պլանային ստուգումներ անելու համար կախվածություն կա կառավարությունից, և արդեն երկու տարի է ստուգաթերթերի և չափորոշիչների չհաստատման պատճառով, ստուգումներ այդպես էլ չեն իրականացվում։

-       Տեսուչների թվի պակաս, ինչպես նաև նյութատեխնիկական բազաների՝ լաբարատորիաների, տեխնիկայի պակաս, ավելի ճշգրիտ ստուգումներ կատարելու համար։

-       Իրավական և վարչական լծակների սահմանափակ շրջանակի տրամադրվածություն։

 

Առաջարկություններ

-       Ստեղծել կամ վերափոխել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ նրան տալով ԱՄԿ 81-րդ կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխան գործառույթներ և օժտել նրան լիակատար անկախությամբ՝ զերծ պահելով անհարկի և սուբյեկտիվ միջամտությունից.

o   1. Աշխատանքի տեսչության համակարգի գործառույթներն են.

ա) ապահովել աշխատանքի ընթացքում աշխատողների աշխատանքի պայմանների և պաշտպանության հետ կապված իրավական դրույթների կատարումը, ինչպիսիք են աշխատանքային օրվա տևողության, աշխատավարձի, անվտանգության, առողջապահության և բարեկեցության դրույթները, երեխաների և երիտասարդների աշխատանքին առնչվող դրույթները և նմանատիպ այլ հարցերը՝ այնքանով, որքանով դրանց կատարումն ապահովելու համար լիազորված են աշխատանքի տեսուչները,

բ) այդ դրույթների պահպանման առավել արդյունավետ միջոցների մասին գործատուներին և աշխատողներին տեխնիկական տեղեկատվություն և խորհուրդներ տրամադրելը,

գ) գործող իրավական դրույթներով հատուկ չկարգավորված թերությունների և չարաշահումների մասին իրավասու մարմնին տեղեկացնելը:

  1. Եթե աշխատանքի տեսուչներին հանձնարարվում են այլ պարտականություններ, ապա վերջիններս չպետք է խոչընդոտեն իրենց հիմնական գործառույթների իրականացմանը կամ որևէ ձևով վնաս հասցնեն իրենց հեղինակությանը կամ անաչառությանը, որոնք անհրաժեշտ են տեսուչներին գործատուների և աշխատողների հետ իրենց հարաբերություններում։

- Շարունակաբար թարմացնել ստուգաթերթերը և դրանք հաստատել ավելի արագ ընթացակարգով։

- Բացի պլանային ստուգումներից, նրանց տալ լծակներ  բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպություններում պարբերական ստուգումներ կատարելու համար։ Ինչպես նաև օժտել իրավական և վարչական գործիքակազմով՝ բացահայտած խախտումներին ընթացք տալու համար։

- Սահմանել «աշխատանքի անվտանգ պայմաններ» հասկացությունը.

- Տեսչությանը տրամադրել նյութատեխնիկական բազա՝ սարքավորումներ, լաբարատորիաներ, ինչպես նաև մեծացնել մարդկային ռեսուրսները։