Նիկոլ Փաշինյանի մասին
09/06/2021 16:24
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
1991-1995 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է քաղաքական դրդապատճառներով:
1999 թ․ նշանակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2012 թ.:
2007 թ․ եղել է «Այլընտրանք» հանրային-քաղաքական միավորման հիմնադիր անդամ: 2007թ․ խորհրդարանական ընտրություններում եղել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը, 2008 թ. նախագահական ընտրություններում՝ ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ:
2008 թ․ մարտի 1-ից հետո, լինելով հետախուզման մեջ, մեկ տարի չորս ամիս անցկացրել է ընդհատակում:
2009 թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ձերբակալվել և 2010 թ. հունվարին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում՝ ազատ է արձակվել 2011 թ. մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ:
2012 թ․ խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով:
2012 -13 թթ. եղել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ:
2013 թ. հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը:
2013-2015 թթ. եղել է այդ միավորման կառավարման խորհրդի անդամ, 2015-ից՝ միավորման հենքի վրա ձևավորված համանուն կուսակցության վարչության անդամ:
2016 թ. մայիսին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի հրամանատար:
2017 թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից։
2017 թ. մայիսից՝ «ԵԼՔ» խորհրդարանական խմբակցության ղեկավար:
2018 թ. մայիսի 8-ին, Համաժողովրդական շարժման պահանջով Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ վարչապետ:
2018 թ. հոկտեմբերի 16-ին՝ նախընտրական խոստման համաձայն, արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով հրաժարական է ներկայացրել՝ իրականացնելով վարչապետի պաշտոնակատարի պարտականությունը:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում գլխավորել է «Իմ քայլը» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակը և եղել դաշինքի վարչապետի թեկնածուն:
2019 թ. հունվարի 14-ին նշանակվել է ՀՀ վարչապետ։