Դատաիրավական համակարգի բարեփոխումները Հայաստանում
01/07/2019 14:46
Հայաստանում դատաիրավական համակարգի և արդարդատության հանդեպ հանրային լայն անվստահությունը ունի տարիների վաղեմություն։
Հետհեղափոխական Հայաստանում, որտեղ իշխանության երկու ճյուղերը՝ օրենսդիր և գործադիր, ձևավորվել են քաղաքացիների ազատ ընտրությամբ և ունեն բարձ լեգիտիմություն, իշխանության երրորդ ճյուղի՝ դատական համակարգի բարեփոխումները դարձել են հրամայական․ դատակաիրավական համակարգի հանդեպ հանրային վստահության և բարձ լեգիտիմության հասնելու թե՛ իրավական, թե՛ քաղաքական միակ ճանհապարհը համակարգի խորքային բարփոխումներն են։
Համակարգը բարեփոխելու խիստ անհարաժեշտության և մասնավորապես, անցումային արդարադատության մասին առաջին անգամ խոսվեց 2018թ․-ի օգոստոսին՝ ժամանակավոր կառավարության 100 օրյա աշխատանքը ամփոփելիս։ Չնայած թեման մտավ հանրային քննարկումների շրջանակ, այս գործընթացի իրականացման համար շոշափելի գոծողություններ այդպես էլ չկատարվեցին։
Գրեթե մեկ տարի անց, վարչապետ Փաշինյանը կոչով դիմեց քաղաքացիներին, որպեսզի հաջորդ առավոտյան քաղաքացիները շրջափակեն հանրապետության բոլոր դատարանները։Ըստ նրա՝ այս ակցիան նպատակ ուներ ևս մեկ անգամ վերահաստատելու այն հանգամանքը, որ գործող դատաիրավական համակարգը չի վայելում հանրության վստահությունը և այն անհապաղ ռեֆորմների կարիք ունի։ Մայիսի 20-ի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց անցումային արդարադատության և դատական համակարգին «վիրահատական միջամտություն» ցուցաբերելու անհրաժեշտության մասին` նշելով, որ «հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար»:
Նա ներկայացրեց այն գործիքակազմը, որը նախատեսվում է կիրառել.
- «Հայաստանում գործող բոլոր դատավորները՝ առանց բացառության, պետք է ենթարկվեն վեթինգի:
- ՄԻԵԴ որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:
- Բոլոր այն դատավորները, ովքեր գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան:
- Պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփել վերջին 7-8 ամիսներին անցումային արդարադատության ուղղությամբ մեր կատարած աշխատանքը;
- ԱԺ-ում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար:
Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, համաժողովրդական հանրաքվե, պետք է գնալ նաև նման լուծումների»:
Անցումային արադարադատությունը դատական և ոչ դատական, պատժողական և վերականգնողական գործիքների համալիր է, որը կիրառվում է այն երկրներում, որոնք դուրս են գալիս ավտորիտար և ռեպրեսիվ ռեզիմներից։
Հաշվի առնելով, որ անցումային արդարադատությունն ու մասնավորապես ազդարարված «վեթինգը» իր փիլիսոփայությամբ գործընթաց է հանուն հանրային համերաշխության հաստատման և դատաիրավական համակարգի հեղինակության վերականգնման, կարելի է փաստել, որ այն չի գալիս փոխարինելու Հայաստանում գործող դասական կոնվենցիոն արդարադատությանը և եռաստիճան դատական համակարգին։