Համաներում

23/04/2021 13:37

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ համաներում կհայտարարվի ժամկետային զինծառայությունից և զորակոչից խուսափած անձանց նկատմամբ

 

Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ զինվորական ծառայությունից խուսափած 27 տարեկան լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիները հնարավոր է համաներվեն։ 

ՀՀ կառավրությունն առաջարկում է նաև համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը: Նախատեսվել է նաև դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։

Համաներումը չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, ովքեր սույն օրենքը ուժի մեջ մտնելու դրությամբ, բացի Քրեական օրենսգրի՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու մասին 327-րդ հոդվածի 1-ին մասից, մեղադրվում, մեղադրվել կամ դատապարտվել են Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։